Tuesday, November 30, 2010

Քլինթոնը ներողություն է խնդրել Wikileaks–ի համար. Դավութօղլու

Tert.am. 30-11-2010- Երեկ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը։
CNNTurk-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Դավութօղլուն, պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, հայտարարել է.
«Wikileaks–ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի պատճառով իմ և Քլինթոնի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց նաև այդ հարցը։ Սակայն պետք է նշեմ, որ այն մեր հանդիպման հիմնական թեման չէր։ Բացի այդ, տիկին Քլինթոնը հրապարակված գաղտնի փաստաթղթերի առնչությամբ ինձ հայտնեց ամերիկյան կողմի մտահոգությունը և Թուրքիայից, մեր կառավարությունից, մեր վարչապետից, բոլորիցս ներողություն խնդրեց»։
Դավութօղլուն նշել է նաև, որ ինքն էլ շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Wikileaks–ի կողմից հրապարակվելիք գաղտնի փաստաթղթերի մասին իրենց նախօրոք իրազեկելու համար։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Wikileaks-ը հրապարակել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը պատկանող շուրջ 250 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնցում բավականին մեծ տեղ է հատկացված Թուրքիային։ Այդ փաստաթղթերում, օրինակ, ներկայացվում են ամերիկացի դիվանագետների բացասական վերաբերմունքը Թուրքիայի վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ։ Դրանցում տեղեկություններ կան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում տիրող անօրինականությունների մասին և այլն։

No comments: