Tuesday, December 14, 2010

Իրանցի խորհրդարանականները պահանջում են նվազագույնի հասցնել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները

Tert.am. 14-12-2010- Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Գասսի՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ արած հայտարարությունից հետո մի շարք ազդեցիկ իրանցի պատգամավորներ Իրանի իշխանություններից պահանջել են նվազագույնի հասցնել դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 10-ին Թեհրանում բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավար Սայմոն Գասսը դեսպանատան կայքում տեղադրել էր մի հոդված, որում կոշտ քննադատության էր ենթարկել Իրանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի անմխիթար վիճակը։
«Իրանում փաստաբաններին, լրագրողներին և այլ ոլորտի ներկայացուցիչներին մեծ վտանգ է սպառնում»,– գրել էր բրիտանացի դիվանագետը։
«Եթե Իրանը Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնի, դրանից ոչինչ չի կորցնի։ Դրանով Լոնդոնը կվճարի Իրանի դեմ հանդես գալու համար»,– հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Քազըմ Ջելիլին։
Իրանի արտգործնախարարության այդ դիրքորոշմանը միացել են մի շարք պատգամավորներ։ Իրանի ազդեցիկ խորհրդարանականներից Համիդ Ռասաին Թեհրանում Մեծ Բրիտանի դեսպանատունը համեմատել է «լրտեսական որջի» հետ և հայտարարել, որ Լոնդոնի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու հարցը քննարկվելու է խորհրդարանում։
Բացի այդ, նշվում է, որ Սայմոն Գասսը կանչվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ իր քայլի առնչությամբ բացատրություն տալու համար։

No comments: