Sunday, December 12, 2010

«Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը կներկայացնի Էմմին

Tert.am. 11-12-2010- 2011թ. «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը կներկայացնի Էմմին։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Հանրային հեռուստառադիընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, օրերս այս որոշումը կայացրել է «Հանրայինի» գեղարվեստական խորհուրդը։
Ըստ Հարությունյանի՝ այս անգամ կանցկացվի ոչ թե երգիչների մրցույթ, այլ երգի մրցույթ։
«Մենք խոսեցինք Էմմիի հետ, խնդրեցինք, որպեսզի նա ներկայացնի Հայաստանը, և նա ոչ միայն համաձայնեց, այլ նաև մարտական է տրամադրված»,– ասաց նա։
Հարությունյանը հավելեց, որ ներկայացված երգերից արժանիները կընտրի Գեղարվեստական խորհուրդը, իսկ գլխավոր երգը կընտրվի քվեարկության միջոցով։
«Սա առաջին անգամ չէ, որ այսպիսի ձևաչափ է ընտրվում»,– ասաց նա՝ հիշեցնելով, որ նույն ձևով «Եվրատեսիլին» մասնակցել են Անդրեն, Սիրուշոն։
«Էմմին վաղուց է պատրաստ մասնակցելու։ Ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանը պատվով կներկայացվի»,– նշեց Հարությունյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին երգչուհուց, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը՝ հաշվի առնելով անցած տարվա իրադարձությունները։
«Պայմանավորվածությունների մասին անիմաստ է խոսել։ Անցած տարի չեղավ, ուրեմն այդպես էր պետք։ Համ էլ ես Գերմանիան ավելի շատ եմ սիրում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Էմմին մասնակցեց մրցույթի նախընտրական փուլին, սակայն միավորներով զիջեց Եվա Ռիվասին։ Այդ ժամանակ երգչուհին հայտարարել էր, որ «Հանրայինը» նրան խոսք էր տվել, որ նա կմասնակցի մրցույթին։ Նա անգամ վիրավորվել էր Ալեքսան Հարությունյանից։
«Ես երևի վիրավորված եմ եղել… այդ մրցութային խառը իրավիճակից հետո շատ հեշտ էր ինձնից լսել այդպիսի բաներ, ես հետ չեմ կանգնում իմ ասածներից, ես վիրավորված եմ եղել։ Բայց եթե այսօր այստեղ եմ, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ, ուրեմն պատրաստ եմ»,– նշեց Էմմին։
Երգչուհին հավելեց, որ ինքը նույնքան մարտական է տրամադրված, որքան անցած անգամ։
«Երբ խոսքը հայրենիքի մասին է, բոլորս պետք է մոռանանք ամեն ինչ։ Ես ներակայացնում եմ եռագույնը։ Մենք կանենք ամեն ինչ, որ մեր եռագույնը բարձր ծածանվի Եվրոպայում»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2011» մրցույթը կանցկացվի Գերմանիայում։

No comments: