«Լրագիր» 13-12-2010- Եվ այնուամենայնիվ, անհնար է ապրել մոդեռն աշխարհում, փորձելով պահպանել միջնադարյան կառավարման մոդելը. այդ տրիվիալ փաստը volens-nolens հասկանում են բոլորը, ուղղակի ոմանք դա հասկանում են սահուն և անաղմուկ, իսկ ոմանց հասկացման ընթացքում տրորում ու հավասարեցնում են իրենց ռեալ արժեքին: Մոդեռն քաղաքակրթության դասերի յուրացման գործընթացում առանձնանում են գերազանցիկ, լավ և վատ աշակերտներ.Դմիտրի Մեդվեդեվը միանշանակ յուրացրել է դասերը: Ռուսական կրիմինալի առաջամարտիկ Լուժկովի հեռացումից հետո, նա ձեռնամուխ է եղել նոր կառուցվածքի ձւավորմանը, որը նրան թույլ տվեց արտասանել այդքան երկար սպասված խոսքերը. Россия часть Европы. Կորան-գնացին բոլոր այն պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն իր ուրույն ճանապարհն ունի, որ եւրոպական արժեքները կեղծ հասկացություններ են:
Մեդվեդևը դադարեց պայքարել մոդեռնացման դեմ եւ տեղնուտեղը ստացավ մի չաղլիկ բոնուս ՀԱԿ-ի տեսքով /չշփոթել հայկական ընդդիմության հետ/: Առեւտրի Համաշխարհային կազմակերպության մաս լինելը հաստատապես ավելի ձեռնտու է պետությանը, քան հսկայական շինարարության միջոցով կրիմինալ միլիոնների լվացումը, և դասերը սերտած Մեդվեդևը Եվրոպայից ստացավ գերազանց: Հանձնեց Լուժկովին, նյարդայնացրեց Պուտինին, որը նույն եվրոպական արժեքների հասցեին /մասնավորապես դեմոկրատիայի/ հեգնախառն սաստեց` Уж чья бы корова мычала, господа американцы, а ваша бы молчала.
Պուտինը պարզապես մտածում է հաջորդ հանձնվողի մասին եւ նյարդայնանում է, սակայն ամերիկացիները, հավակնելով ուսուցչի դերին, իրապես թերանում են: Վիքի Լիքսի նյութերի տարածումը դեմոկրատական Ամերիկայում դարձել է սանկցիաների կիրառման առիթ, ինչպես ասւմ են` not recommended, եւ եթե դու ուզում ես ստանալ պաշտոն, գրանտ, կրթություն` Վիքի Լիքսը պիտի մոռանաս:
Թույլ դիրքորոշում է. խնդիրն այստեղ բարձրագոչ ֆրազները չեն, այլ այն փաստը, որ ինֆորմացիան արտահոսում է հին ստրուկտորաները քանդելու համար, իսկ դրան դիմակայելն աբսուրդ է, ինչպես աբսուրդ է փորձել հայկական պաշտոնանկությունները դիտարկել ներքաղաքական ինտրիգների համատեքստում միայն:
Հայաստանն ինքնին դանդաղ զարգացումների երկիր է, ուր պաշտոնանկությունները ապակառուցման գործընթացի ամենաանկարեւոր և ամենադժվար մասն են. անկարևոր` որովհետև անձը գլոբալ պրոբլեմ չէ, և դժվար` որովհետև մեզ մոտ չկա կրիմինալ կառույց, կա կրիմինալի անձնական պայմանավորվածությունների համակարգ:
Ուրեմն այս պարագայում երևում է, որ մենք դեռ դասերը կիսատ-պռատ ենք յուրացնում: Դրա ապացույցն է այն, որ մոդեռնացման ճանապարհին երկու-երեք ֆիգուր զոհելով առաջ չես գնա: Պետք է “հանձնել” ողջ համակարգը, իսկ դա բարդ խնդիր է: Սակայն միջնադարից դուրս գալու այլ ելք չկա, իսկ բոնուսներն էլ իհարկե զիջում են Ռուսաստանին, բայց մեզ համար շոշափելի են.
1. Ղարաբաղի հարցը լուծվելու է միայն ջանասեր աշակերտների օգտին
2. Շատ ավելի հաճելի է ունենալ կուշտ և գոհ պետություն:
Իսկ թե դա չարվեց, ասենք կհայտնվի Armleaks` Balkanleaks նոր կայքի օրինակով, ու տհաճ պահերը կշարունակվեն: Մինչև դասը յուրացվի: Կամ գտնվի ավելի ընդունակ աշակերտ:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment