Tuesday, December 14, 2010

ՆԵՐԻ՛Ր, ԷՐԴՈՂԱՆ, WIKILEAKS-Ի ՀԱՄԱՐ

«ԱԶԳ», 14-12-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ դեկտեմբերի 12-ին: Ըստ ԱՄՆ պաշտոնական հաղորդագրության, Միացյալ Նահանգների նախագահն իր ափսոսանքն է հայտնել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ, նշելով, թե դրանք չպետք է շեղեն երկու երկրներին իրենց համագործակցությունից:
Ըստ նույն աղբյուրի, երկու երկրների ղեկավարները նշել են, թե շարունակելու են աշխատել օրակարգային հարցերով, եւ որ գաղտնազերծված հրապարակումները չեն ազդել երկու երկրների հարաբերությունների եւ համագործակցության վրա:
WikiLeaks-ի հրապարակումների «անհետեւանք» լինելու մասին է փորձել հավաստիացնել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ` «Աքչամ» պարբերականին տված հարցազրույում` Թուրքմենստան այցելությունից վերադառնալուն պես: Դավութօղլուն հարաբերությունների չխաթարման մասին խոսել է Թուրքիա-Ադրբեջան կտրվածքովՙ այն դեպքում, երբ թուրքական մամուլը բոլոր տարբերակներով անդրադարձել է Ալիեւ կրտսերի հակաթուրքական գնահատականներին:
Ահմադինեժադը պաշտոնից ազատել է արտգործնախարարին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից ազատել է արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին: Այս մասին հաղորդում է իրանական «Իռնա» գործակալությունը` հղում անելով երկրի նախագահի պաշտոնական կայքէջին: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել իրանական ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին: Մանուչեհր Մոթաքին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2005-ից: Ահմադինեժադը արդեն նախկին արտգործնախարար Մոթաքիին հղած նամակում հաջողություն է մաղթել, արդյունավետ գնահատել աշխատանքը եւ վստահեցրել, որ ինքն անձամբ կաղոթի նրա համար:

No comments: