Monday, December 20, 2010

ԵՐԲ ԱՉՔԸ ՏԵՍՆԻ ՈՒ ՁԵՌՔԸ ՇՈՇԱՓԻ

այլապես ականջները հոգնել են լսելուց

«Լրագիր» 20-12-2010- Գրեթե բոլոր հեռուստաալիքները դեկտեմբերի 19-ին, կիրակի երեկոյան, պտտում էին ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը: Գուցե եղել են քաղաքացիներ, որոնք այդ ելույթը մի քանի անգամ են նայել: Բայց հաստատ կան նաեւ քաղաքացիներ, որոնք ոչ մի անգամ էլ չեն նայել, այլ անմիջապես թեքել են ալիքը: Բանն այն է, որ մեր երկրում ելույթների ժամանակը վաղուց անցել է, դրանց կարիքն ամենեւին չկա: Մարդիկ իշխանությունից ելույթ չէ, որ սպասում են, այլ սպասում են աշխատանք կյանքի որակի փոփոխության ուղղությամբ: Շատ շատերն իհարկե դա էլ չեն սպասում, համարելով, որ այս իշխանությունն անընդունակ է կյանքի որակ փոխել, քանի որ չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:
Բայց եթե լինի փոփոխություն, եթե իշխանությունը գնա կյանքի որակի փոփոխության գործնական քայլերի, անգամ մարդիկ, ովքեր չեն հավատում այս իշխանությունից այդպիսի բան, կարող են ողջունել այդ քայլերը: Բայց դրա համար պետք է կատարել այդ քայլերը, ոչ թե հեռուստաալիքներով Սերժ Սարգսյանի ելույթը պտտեցնել: Դրանից միայն գլխապտույտ կարող է առաջանալ, ուրիշ ոչինչ: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է ինչ որ բան փոխել մեր երկրում, ապա ավելորդ ելույթների կարիք չկա, եւ փոփոխությունն ինքնին հազար ելույթ կարող է արժենալ հասարակության համար, առավել եւս, որ այդ ելույթի մեջ կարծես թե չկա որեւէ նոր բան: Սերժ Սարգսյանն արդեն երկուսուկես տարի է ասում է, որ չի հանդուրժելու կոռուպցիան, հովանավորչությունը, մրցակցային տնտեսություն է կառուցելու, չի ներելու ապօրինություններ թույլ տվող պաշտոնյաներին, եւ այլն, եւ այլն: Մարդիկ դա լսում են արդեն մոտ երեք տարի, բայց դրանից կարծես թե որեւէ բան նրանց կյանքում չի փոխվում, գների տոտալ աճից բացի:

Գուցե Սերժ Սարգսյանի ելույթները մեկը մեկից գեղեցիկ են, բայց նախագահական ելույթները միայն գեղարվեստական արժեք չէ, որ պետք է ներկայացնեն, այլ պետք է դառնան պրակտիկ գործ: Ահա այդ գործն է բացակայում, այդ գործն է գրեթե անտեսանելի: Վերջին շրջանում տեղի են ունենում կադրային բուռն փոփոխություններ, որոնք ներկայացվում են հենց իբրեւ գործ: Գուցե այդպես է, բայց դա դեռ պետք է արդյունք տա, որ հանրությունը հենց այդպես էլ ընկալի: Կադրերը փոխվում են, բայց դեռ պետք է վիճակ փոխվի, որ համարենք, թե իշխանությունը գործ է անում:

Իսկ եթե Սերժ Սարգսյանն ասելիք ունի ՀՀԿ-ականներին, ապա դա կարող է անել առանց հանրությանն ավելորդ անհանգստություն պատճառելու: Իհարկե, կիրակնօրյա հայկական հեռուստաեթերում նայելու բան առանձնապես չկա, որ ասենք, թե Սերժ Սարգսյանի ելույթի փոխարեն մարդիկ կարող էին ավելի լավ բան նայել: Բայց, հանրությունը շատ լավ է հասկանում, որ Հայաստանի իշխանության պարագայում ոչ այնքան որոշիչ են հրապարակային ելույթները, որքան այն կուլիսային խոսակցությունները, որ միմյանց հետ ունենում են իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ: Այ, եթե դրանք հեռարձակվեն հեռուստատեսությամբ, կասկած չկա, որ տվյալ հեռուստաալիքի ռեյտինգը կարող է հասնել ասենք CNN-ին, թեեւ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովում այդ հեռուստաընկերությունը կունենա “ռետինգի” կտրուկ անկում, գահավիժում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: