Tuesday, December 21, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ. ԹԱՐՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ», 21-12-2010 - Ինքնորոշումն օտար տիրապետության տակ գտնվող ժողովուրդների ոչ միայն անօտարելի իրավունքն է, այլեւ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրացումը` առաջին հերթին երաշխավորելով իր տիրապետության տակ գտնվող ժողովրդի քաղաքական ինստիտուտների ազատ զարգացումը: Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Արցախի պարագայում ոչ միայն այս ժողովրդի համար քաղաքական, այլեւ ընդհանրապես զարգացման պայմանների ապահովման մասին խոսելն իսկ ավելորդ է:
Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվելու ողջ ընթացքում պետականորեն ծրագրված ու հետեւողականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությամբ այս տարածքը ոչ միայն սոցիալ-տնտեսական ու մշակութային անկում է ապրել, այլեւ հետեւողականորեն մաքրվել է իր էթնիկ բնակչությունից` հայերից: ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) սոցիալ-տնտեսական զարգացման բնականոն ընթացքը խաթարող միջոցառումներն ուղեկցվել են հայերի հանդեպ բոլոր ուղղություններով իրագործվող խտրականությամբ: Ոտնահարվել են ազգային փոքրամասնությունների համար սահմանված բոլոր իրավունքները` հոգեւոր եւ մշակութային կյանքի, լեզվի զարգացման, ինքնության պահպանման, փակվել են հայկական դպրոցները, եկեղեցիներն ու վանքերը, հետապնդվել են հոգեւորականները:
Անարդար եւ խտրական վերաբերմունքը, սոցիալ տնտեսական ծանր պայմանները նպաստել են հայերի արտագաղթին այս տարածքից: Եթե 1923 թ. հայերը կազմում էին ԼՂ-ի ողջ բնակչության 94.4 տոկոսը, ապա 1989 թ. նրանց թիվը նվազեցՙ հասնելով մինչեւ 76.9 տոկոսի: ԼՂԻՄ-ից հայերի արտագաղթն ուղեկցվել է Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններից ադրբեջանցիների համակարգված ներհոսքով: Այս քաղաքականության հետեւանքով ադրբեջանցիների թիվը 1923 թ. 3 տոկոսից հասավ մինչեւ 21.5 տոկոսի` 1989 թ.:
Ղարաբաղի հայերի հանդեպ Ադրբեջանի խտրական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից է Խորհրդային Ադրբեջանի Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի 1923 թ. հուլիսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման մասին» որոշումը, որը, խախտելով 1921 թ. հուլիսի 5-ի Կավբյուրոյի որոշմամբ սահմանված աշխարհագրական եւ էթնիկ սահմանները, Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական տարածքից ԼՂԻՄ-ի կազմում բացառում է մի շարք շրջաններ, իսկ մայրաքաղաքը Շուշիից արհեստականորեն տեղափոխում Ստեփանակերտ: Այս որոշման թերեւս հիմնական նպատակներից էր ԼՂԻՄ-ն ամբողջովին Խորհրդային Հայաստանից մեկուսացնելը` նրա հետ ընդհանուր սահմանի բացառումը:
Հաջորդ քայլը Խորհրդային Ադրբեջանի տարածքում ազգային փոքրամասնություն համարվող հայերի` ինքնության եւ մշակույթի պահպանման իրավունքի խախտումն էր. 1924 թ. նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին կանոնադրության» երկրորդ կետով ինքնավար մարզում (որտեղ, ի դեպ, ճնշող մեծամասնություն էր կազմում հայազգի բնակչությունը) իրականացվող բոլոր գործառույթների համար ամրագրվում է ոչ թե հայերենը, այլ ադրբեջաներենը:
Ադրբեջանի կողմից իրականացվող խտրական քաղաքականությունը շարունակվեց նաեւ հետագա տասնամյակներին: Երկրորդ աշխարհամարտը թերեւս հարմար առիթ էր ոչ այնքան ցանկալի ժողովրդից ազատվել փորձելու համար: Համաշխարհային պատերազմի ժամանակ ԼՂԻՄ-ից զորակոչվել է 45000 հայ` հայ բնակչության թվի մոտ 35 տոկոսը: Այն դեպքում, երբ զորակոչվել է ադրբեջանցիների մոտ 20 տոկոսը: Այսինքն` Ադրբեջանական ԽՍՀ-ն այս քայլով, ընդհանուր անհրաժեշտության ֆոնի վրա, ԼՂ-ն հայաթափելու քաղաքականություն էր վարում:
Հեյդար Ալիեւն իր հարցազրույցներից մեկում անկեղծ նշեց, որ Ստեփանակերտում բացված համալսարանի եւ ԼՂ տարածքում մի քանի գործարանների շահագործման նպատակն Ադրբեջանական ԽՍՀ-ի մյուս շրջաններից ազերիներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելն էր: Նա ավելացրել է. «Այդ եւ այլ միջոցներով ես ցանկացել եմ, որ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ լինեն ադրբեջանցիները, իսկ հայերի թիվը կրճատվի»:
Ակնհայտ է, որ ադրբեջանական պետությունը ոչ միայն չի ստեղծել բարենպաստ պայմաններ Լեռնային Ղարաբաղի ազատ եւ ժողովրդավարական զարգացման համար, այլեւ պետականորեն ծրագրել ու հետեւողականորեն իրականացրել է Լեռնային Ղարաբաղը հայաթափելու քաղաքականություն, երբեմնՙ էթնիկ զտումների, երբեմն` սոցիալ-տնտեսական, քաղաքական խտրականության միջոցով:
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում այսօր Ադրբեջանը շահարկում է այսպես կոչված միջհամայնքային մոտեցումը: Բաքվի դիտարկմամբՙ «հայկական համայնքը» կազմում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը: Եթե Ադրբեջանի ճակատագիրը վճռելու հարցում պետք է հարգվի այդ տարածքից ռազմական գործողությունների հետեւանքով հեռացած ազերիների կամքը, ապա որքանո՞վ է արդարացի, եթե հաշվի չառնվի ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ մինչեւ այդ հետեւողականորեն եւ շարունակաբար իրականացված ռեպրեսիաների եւ խտրականության հետեւանքով հայրենի տները լքած ազգաբնակչության խոսքը: Առավել եւս, որ միջազգային իրավունքն, ինչպես եւ միջազգային հանրությունն այս հարցում երբեւէ որեւէ սահման չեն գծել: Այդ է մասնավորապես վկայում ԵԽԽՎ 1059 (1995 թ. մարտի 15) բանաձեւը, որում ամրագրվում են մինչեւ 1991 թ. Ադրբեջանից խորհրդային իշխանությունների իրականացրած դաժանությունների կամ սահմանած կարգերի պատճառով իրենց բնակավայրերից հեռացած ազգաբնակչության իրավունքները:
ՍԵՎԱԿ ԳՈՄՑՅԱՆ

No comments: