Tert.am. 13-12-2010- Հայաստանյան լրատվամիջոցների ազատության մակարդակը կազմում է 58,64 տոկոս, ինչը նշանակում է, որ հայաստանյան լրատվական դաշտը գտնվում է մասամբ ազատից դեպի լրիվ անազատ համարվելու եզրագծին: Ընդ որում, հայաստանյան լրատվամիջոցները մասամբ ազատ են տնտեսական և իրավական դաշտում, իսկ լրիվ անազատ` քաղաքական ասպարեզում: Այս մասին են վկայում Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի (ԽԱՊԿ) իրականացրած փորձագիտական սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք այսօր լրագրողներին ներկայացրեցին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ու սոցիոլոգ Վարդան Գևորգյանը: Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբերին` պարզելու համար հայաստանյան լրատվամիջոցների ազատության մակարդակը` հաշվի առնելով իրավական, քաղաքական և տնտեսական գործոնների ազդեցությունը:Փորձագիտական հարցման և վերլուծության հիմքում ընկած է «Freedom House» միջազգային կազմակերպության մեթոդիկան: Նշված կազմակերպության գնահատման սանդղակում մասամբ ազատ մամուլ ունեցող երկրներ են համարվում 31-60 միավոր ունեցողները, իսկ 61-ից ավելի միավորներ ունեցողները դասվում են ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքը: Սա է պատճառը, որ հարցումն անցկացնողները Հայաստանը տեսնում են մասամբ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների և անազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների միջակայքում:
Ինչպես ներկայացրեցին բանախոսները, հարցմանը մասնակցել են հայաստանյան 50 լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, որոնց ուղղված հարցերը նպատակ են ունեցել պարզելու, թե ինչպես են լրատվական դաշտի ներկայացուցիչներն անձամբ գնահատում այն պայմանները, որոնցում աշխատում են` միաժամանակ հաշվի առնելով իրավական, տնտեսական և քաղաքական գործոնները։ Հարցվողներին ուղղվել է 35 հարց:
Սոցիոլոգ Վարդան Գևորգյանը նշեց, որ իրավական դաշտի ազատությանը տրված գնահատականը կազմել է 15,25 տոկոս (մինչդեռ առավելագույնն այս հարցման սանդղակում 30 միավորն է), ինչը նշանակում է, որ իրավական ոլորտում հայկական լրատվամիջոցները կիսով չափ են ազատ: Ընդ որում, ինչպես նշեց Աշոտ Մելիքյանը, լրատվամիջոցների գործունեության համար բավականին հաջող օրենսդրություն կա, որը նաև բարելավվում է, սակայն իրավական դաշտում լրատվամիջոցների դժգոհությունը հարուցում է այն, որ ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությունն այնքան էլ հաջող չի կիրառվում:
Տնտեսական առումով հայաստանյան լրատվամիջոցների ազատության ցուցանիշը կազմել է 20,51 տոկոս (այստեղ ևս առավելագույնը 30 միավորն է), ինչը նշանակում է, որ լրատվամիջոցները տնտեսական առումով ևս մասամբ են ազատ և ավելի անազատ, քան իրավական առումով: Քաղաքական դաշտի առումով հայկական լրատվամիջոցների ազատության ցուցանիշը կազմել է 22,88 տոկոս (այստեղ առավելագույնը 40 միավորն է): Արդյունքում ստացվել է, որ հայաստանյան լրատվամիջոցները մասամբ ազատ են իրավական և տնտեսական դաշտում, անազատ` քաղաքական դաշտում:
«Լրատվամիջոցների աշխատանքը քաղաքական դաշտում բավականին բարդ է: Սա նշանակում է, որ ԶԼՄ-ներն իրենց վրա զգում են քաղաքական տարբեր ազդեցություններ և ճնշումներ»,- հայտարարեց Աշոտ Մելիքյանը: Նա նաև նշեց, որ լրատվամիջոցների աշխատանքը հատկապես բարդանում է նախընտրական և ընտրությունների շրջանում: Այս շրջանում է նաև, որ արձանագրվում են լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների դեպքեր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment