Sunday, December 26, 2010

Ռազմական փորձագետ. Բանակում միջադեպերի ժամանակ չպետք է հարցը դնել. զինվո՞րն է մեղավոր, թե՞ սպան

News.am. 25-12-2010- Թուրքիան միշտ էլ սատար է կանգնել Ադրբեջանին, իսկ այժմ՝ թուրք-ադրբեջանական ռազմական համաձայնագրի կնքմամբ այդ հարաբերություններն ավելի կսերտանան։ Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, թուրքական աջակցությունն Ադրբեջանին զգալի է եղել անգամ ղարաբաղյան պատերազմի տարիներին։ «Իսկ այժմ, այա համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանն ավելի զգոն պետք է լինի»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաներին՝ ռազմական փորձագետը նկատեց, որ այդ երկրի «հիստերիկ եւ ագրեսիվ» արարքները չեն նշանակում, թե Ադրբեջանը միշտ հաջողում է իր ռազմական գործողություններում։ «Մեր լրատվամիջոցները լուսաբանում են միայն ադրբեջանական հաջողված դիվերսիոն գործողությունները, իսկ չհաջողվածների մասին չեն գրում։ Արժանիորեն չեն լուսաբանվում հայկական զինուժի նմանօրինակ գործողությունները, մանավանդ 18-ամյա երկու հայ երիտասարդների՝ ադրբեջանական դիվերսիոն խմբին վնասազերծելու վերջին դեպքը։ Այնինչ քարոզչական դաշտում մենք պետք է ավելի ակտիվ լինենք»,- ափսոսանք հայտնեց փորձագետը։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՊՆ տեղեկատվական ծառայության կողմից լրագրողներին լրատվության ուշ տրամադրելու, իսկ հաճախ նաեւ՝ չտրամադրելու դեպքերը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, տեղեկատվության մեխանիզմները պետք է ակտիվացնել։ Սակայն բանակի՝ թափանցիկ կառույց լինելով է պայմանավորված այն հանգամանքը, որ հասարակությունը տեղյակ է լինում այնտեղ կատարվող թեկուզ վատ դեպքերին։ Իսկ վատ միջադեպերի մեջ չպետք է արծարծել խնդիր՝ զինվո՞րն է մեղավոր, թե՞ սպան։ Բանակում հիմնականում նույն սերնդի մարդիկ են հավաքված եւ թերությունները երկուստեք են»։

No comments: