Wednesday, December 29, 2010

Արա Հարությունյան. ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է

PanARMENIAN.Net – 28-12-2010- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ուղղված հանձնաժողովի ստեղծումը վերջնական նպատակին մեզ մոտեցնող հերթական քայլը կլինի: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը` 2010թ. արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշելով, որ «Ադրբեջանը, օգտագործելով իր ֆինանսական հնարավորությունները, համարյա բոլոր երկրներում քարոզչական աշխատանքներ է տանում` հանդես գալով զոհի դերում», ԼՂՀ վարչապետն ասել է. «Մենք պետք է հետևողական լինենք, պետք է տարեցտարի ավելացնենք աշխատանքի ծավալները, միջազգային հանրությանը էլ ավելի ներկայացնենք ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ աշխարհում շատ քիչ բան գիտեն նրա էության, Արցախի պատմության մասին»:
Միաժամանակ նա նշել է, որ «ավելի շատ մարդիկ են սկսել հասկանալ իրականությունը, հատկապես նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով զբաղվում են ղարաբաղյան հիմնահարցով»:
«Իհարկե, մենք բոլորս գիտակցում ենք, որ քաղաքական լուծման հասնելու համար անհրաժեշտ են լինելու երկար տարիներ, տասնամյակներ: Բայց ես համոզված եմ, որ ժամանակը մեր օգտին է աշխատում»,- ասել է Արա Հարությունյանը:
Ընդ որում, Ղարաբաղի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած չճանաչված լինելուն, ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է:

No comments: