Monday, December 13, 2010

Չորս զինվորի սպանության մեջ մեղադրվող Մանվել Հազորյանը տեղափոխվել է Հայաստան

News.am. 13-12-2010- ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարության քննչական բաժնից: Հազրոյանն այժմ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում է եւ ստանում է համապատասխան բուժում: ՊՆ Քննչական ծառայությունից հայտնեցին նաեւ, որ նախաքննությունը շարունակվում է եւ դեռեւս հրապարակման ենթակա որեւէ տեղեկություն չեն կարող հաղորդել:
Հիշեցնենք, որ Հազրոյանի փաստաբաններ Կարեն Թումանյանը եւ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 6-ին միջնորդություն էին ներկայացրել Հադրութի քննչական բաժին՝ Մանվել Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ: Փաստաբանները միջնորդել էին նաեւ Մանվել Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց եւ նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:

No comments: