Saturday, December 4, 2010

Վերլուծաբան. Բանակցային գործընթացը տեղապտույտի մեջ է. անհրաժեշտ է կոնկրետ քայլ արվի

Panorama.am.4-12-2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված բոլոր հայտարարություները գրեթե նույնաբովանդակ են: Դրանք ընդամենը ցույց են տալիս, որ գործընթաց կա, գործընթացը շարունակվում է, բայց բոլորին էլ հասկանալի է, որ գործընթացը մի տեղապտույտի մեջ է և անհրաժեշտ է որոշում կայացվի, կոնկրետ քայլ արվի: Ասուլիսում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Արմեն Մինասյանը:
«Աստանայում բոլոր երկրների ղեկավարներն կոչ էին անում հակամարտող կողմերին խոշոր առաջընթացի համար քայլ անել: Արդյո՞ք կողմերը պատրաստ են այդ քայլն անելուն: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ելույթները ցույց տվեցին, որ պատրաստ չեն անել այդ քայլը, չկա դրա միջավայրը»,- ասաց նա:

Իսկ ընդհանրապես որևէ հայտարարություն չանել, ըստ փորձագետի, նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է, մինչդեռ խումբը շատ լուրջ առաքելություն ունի. «Այս փուլում հակամարատության կարգավորման լուծում չկա, բայց հակամարտության էսկալացիայի կանխման խնդիր կա: ԵԱՀԿ-ն երկու հիմնական ֆունկցիա ունի` ոչ միայն կարգավորել հակամարտությունը, այլ կանխել դրանց էսկալացիան: Առնվազն մեկ մասով Մինսկի խումբն արդյունավետ է աշխատում»:
Ասուլիսին ներկա քաղաքագետ-փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ Ադրբեջանում հենց պետական պաշտոնյաներն են նշում, որ իրենց բանակցություններ պետք չեն, այլ կոնկրետ արդյունք:
«Ի՞նչ է սա նշանակում` կոնկրետ արդյունք է պետք, բայց բանակացություններ պետք չեն: Տրամաբանություն չկա. եթե մի տեղ բանակցային գործընթաց չկա, որի արդյունքում պետք է լինի դիրքորոշումների մերձեցում, խնդրի կոնկրետ լուծում, այդ դեպքում ի՞նչ է ուզում ադրբեջանական կողմը: Ոչ մեկի կողմից չի ընկալվում»,- ասաց նա:

No comments: