Sunday, December 26, 2010

Դ.Ջամալյան. «Ադրբեջանը կշարունակի դիվանագիտական-հոգեբանական պատերազմը»

Panorama.am. 25-12-2010- Տարին ամփոփելով ու նաև հայացք ձգելով առաջիկային, ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր դինավագիտական-հոգեբանական պատերազմը և փորձելու է հայավնաս բանաձևեր առաջ քաշել միջազգային տարբեր ատյաններում: Նշենք, որ սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը զբաղված է միայն դրանով ու արտասովոր ոչինչ դրանում չկա:
Դ.Ջամալյանն Ադրբեջանից ակնկալում է նաև տեղեկատվական ոլորտում դիվերսիաներ, քանի որ անցնող տարում էլ դրանց պակասն առանձնակի չի եղել.
«Այս իմաստով 2010թ-ին ադրբեջանցի թուրքերն, օրինակ, առաջ քաշեցին այն կեղծ տեսակետը, թե Հայաստանը պատմական Ադրբեջանի տարածքի վրա ստեղծված պետություն է ու նաև այն կեղծ թեզը, թե պատմական ադրբեջանական հողերի վրա հայերն երկու անգամ չեն կարող ինքնորոշվել»,- հիշեցրեց բանախոսը:
Նա հայտնեց, որ այդ թեզն անձամբ Ալիևն է ձևակերպել, իսկ տարբեր միջազգային ատյաններում փորձ է արվում դա զարգացնել: Հայկական կողմն էլ, բանախոսի պնդմամաբ, շարունակաբար հակադրվում է այդ ջանքերին` ներկայացնելով մերկ ճշմարտությունը:
Մյուսը, ինչով տարին աչքի ընկավ հայ-ադրբեջանական բազմավեկտոր հակամարտության կոնտեքստում` Դ.Ջամալյանի ամփոփմամբ, այն հանգամանքն է, թե ադրբեջանցիները փորձում են տարբեր միջազգային ատյաններում շեշտադրել այն, թե ինչո՞ւ են մեր զինված ուժերը տեղակայված Արցախում և կամ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները ներգրավված Արցախի պաշտպանության գործում:
Ու առավելապես ուղղված ադրբեջանցիներին և ոչ թե հայաստանյան լսարանին` ռազմական հոգեբանը տեղեկացրեց` առկա ռազմական դոկտրինը, որը կանխորոշում է մեր երկրի ռազմական պաշտպանության քաղաքականության ստրատեգիան, հստակ նախանշում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է դառնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր.

«Այսօր ապրում ենք սպառնացող պատերազմի պայմաններում: Ահա այս փուլում հենց այդ դոկտրինը մեզ տալիս է արցախահայության անվտանգությունն ապահովելու հնարավորություն»,- հավելեց Դ.Ջամալյանը:

No comments: