Monday, December 13, 2010

Ադրբեջանահայ. Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները վախենում են խոսել իրենց մայրենի լեզվով

News.am. 13-12-2010- Ադրբեջանից փախստականների՝ քաղաքական, կրոնական եւ ազգային խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուրադ Փոլատովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին վերջերս հղած նամակով կոչ է անում այդ կառույցին առավել հետեւողական քաղաքականություն դրսեւորել Ադրբեջանի տարածքում ապրող տասնյակ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին Փոլատովը հայտնեց դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ։
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ուղարկված նամակում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունների այն հավաստիացումները, թե երկրի տարածքում ապրող մեկ տասնյակից ավելի ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, լեզգիների, ռուսների, հրեաների վիճակը գերազանց է եւ նրանք ոչ մի խնդիր չունեն, սուտ են եւ իրականությունը կոծկելու նպատակ ունեն։
«Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները վախենում են խոստովանել իրենց ազգային պատկանելության մասին եւ անգամ՝ խոսել իրենց մայրենի լեզվով։ Մասնավորապես ծախուրիներն անասելի ջանքեր են գործադրում իրենց իսկ դպրոցներում սեփական լեզվով դասաժամեր ունենալու համար։ Դիտավորյալ քաղաքականություն է իրականացվում ազգային փոքրամասնությունների թիվն արհեստականորեն նվազ ներկայացնելու ուղղությամբ։ Ո՞ւր են Ադրբեջանի 1 մլն լեզգիները, քրդերը, որոնք վախենում են ասել իրենց ինքնության մասին եւ ներկայանում են իբրեւ ադրբեջանցիներ»,- հարց բարձրացրեց Էդուրադ Փոլատովը։
Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ սեփական լեզվի պահպանման խնդիրն այսօրվա դրությամբ ԵԽԽՎ-ում բարձրաձայնում է միայն Ադրբեջանի թալիշական համայնքը։

No comments: