Monday, December 27, 2010

Թուրքական մամուլն աղավաղել է Սանիյեի խոսքերը. հայերն առնչություն չունեն թուրք երգչուհու համերգի չեղյալ հայտարարման հետ

Tert.am. 27-12-2010- Հայկական Սփյուռքը որևէ առնչություն չունի իմ համերգային ծրագրի չեղյալ հայտարարման հետ։ Այս մասին թուրքական Ankara գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ամերիկաբնակ թուրք երգչուհի Սինեմ Սանիյեն՝ ընդգծելով, որ թուրքական մամուլն ուղղակի աղավաղել է իր խոսքերը։
«Իմ համերգային ծրագիրը չեղյալ է հայտարարվել LA Clippers բասկետբոլային ակումբի կողմից։ Ինձ ասացին, որ դա արվում է զուտ անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով «զգայուն քաղաքական իրավիճակը»։ Նաև ասացին, որ դահլիճում գտնվելու է 20 հազար հանդիսատես և հնարավոր է խնդիրներ ծագեն անվտանգության հետ կապված»,– ասել է թուրք երգչուհին՝ ընդգծելով, որ հայկական Սփյուռքը որևէ առնչություն չունի այդ թեմայի հետ և այդ առնչությամբ թուրքական մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Ես չեմ ասել, որ այս գործում հայերի մատը խառն է, հայերին չեմ մեղադրել և չեմ ասել, թե իբր ցեղապաշտության պատճառով չեմ կարողանում զբաղվել երաժշտությամբ։ Ես ասել եմ միայն, որ իմ համերգային ծրագիրը չեղյալ է հայտարարվել LA Clippers ակումբի կողմից»,– նշել է Սինեմ Սանիյեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Akşam օրաթերթը հրապարակել էր Սինեմ Սանիյեի հետ հարցազրույցը, որտեղ երգչուհին հայտարարել էր, թե իբր իր համերգային ծրագրի չեղյալ հայտարարման վրա ազդեցություն են ունեցել ամերիկաբնակ հայերը։
«Ինձ ասացին, թե ծրագիրը չեղյալ է հայտարարվում անվտանգության նկատառումներով։ Կարծում եմ՝ այստեղ իր դերակատարությունն է ունեցել հայկական Սփյուռքը։ Առանջին անգամն է, որ թուրք լինելու պատճառով ԱՄՆ–ում նման բանի եմ հանդիպում։ Ցեղապաշտության և ատելության պատճառով չեմ կարողանում զբաղվել երաժշտությամբ։ Չնայած իմ ամենալավ ընկերներից մեկը հայ է, իսկ մյուսը՝ հույն»,– ասել էր Սինեմ Սանիյեն։
Նշենք, որ դեկտեմբերի 26-ին Լոս Անջելեսում LA Clippers - Phoenix Suns NBA բասկետբոլային հանդիպման ժամանակ թուրք երգչուհի Սինեմ Սանիյեի կատարմամբ հնչել է Միացյալ Նահանգների ազգային հիմնը։ Իսկ Սանիյեի՝ Լոս Անջելես ժամանած մի քանի թուրք երգիչների մասնակցությամբ կայանալիք համերգային ծրագիրը անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել։

No comments: