Monday, December 20, 2010

Նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց

Նախորդ տարվա դեկտեմբերյան մի ցուրտ օր անցկացված ՀՀԿ - համագումարի նման, դեկտեմբերի 18-ին ևս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակայքում տեղ ու դադար չկար թանկարժեք մեքենաներից. չէ որ Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկա էր ամբողջ քաղաքական էլիտան. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագահական աշխատակազմը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ներկա, նորանշանակ ու նույնիսկ նախկին անդամների հետ, ուժային կառույցների ղեկավարներ, կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի առաջին դեմքեր Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը,Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի և շքախմբի ուղեկցությամբ,Գյումրու քաղաքապետը, գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը ՀՀԿ գործկոմի անդամ է, ներկա չէր: Մեր տեղեկություններով` նա մի քանի օր է`արտերկրում է: Իսկ հրավիրյալների թվում էին ՀՅԴ -ից Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, Խոսրով Հարությունյանը (ՔԴԿ), ՄԱԿ կուակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Իսկ "Ժառանգությունը", նախագահականի լրատվական ծառայության աշխատակիցներից մեկի պարզաբանմամբ, հրավիրված չէր: Ներկա էր նաև Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, որը բոլոր լրագրողներին իր մոտից հեռացնում էր "գնա, հորդ Աստծուն մեռնեմ" բառերով:
Մինչև Սերժ Սարգսյանի ժամանումը, մոտ մեկ ժամ դահլիճում այսպես ասենք` "տեղավորման" գործընթացն էր. ինչ-որ մարդիկ ցուցումներ էին տալիս. "Սա ձեր տեղն է, սա Նիկոյանի, սա Շարմազանովի", իսկ երբ արարողակարգի աշխատակիցներից մեկը ներկաներից մեկին քաղաքավարությամբ տեղից հանեց՝ մոտակա շարքերում փռթկոց առաջացավ:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կարելի է որակել նախընտրական: Այս իմաստով էլ մոտ 40 րոպեանոց ելույթի երեք հատվածներ ենք առանձնացնում: Դրանցից առաջինը նվիրված է իշխանություն -ՀԱԿ փոխհարաբերություններին: "Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է և վատ է լինելու: Այս պարզունակ բանաձևն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաև բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, "ամեն ինչ վատ է" սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս "ռասիզմ": Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա՛յ այսպիսի պարզունակ "տրամաբանական շղթա",- Սերժ Սարգսյանը իր քաղաքական ընդդիմախոսների համար ավելացրեց`
"Բայց մենք Հովհաննես Թումանյանի անու՛նն էլ ենք տալիս... Նաև շատ ու շատ մեր մյուս մեծերի ունուններն ենք տալիս: Մենք այսուհետ և՛ս շարունակելու ենք հետևել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին":
Սերժ Սարգսյանի երկրորդ խումբ ընդգծումները վերաբերում էին ներկոալիցիոն հարաբերություններին, որոնք հայաստանյան մամուլի վերջին հրապարակումների համաձայն, հասել են կրիտիկական վիճակի: "Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե իբրև ես վերջնագիր եմ ներկայացրել "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը: Եվ, ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ` իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում են թասիբի գցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը և կոնկրետ Գագիկ Ծառուկյանին: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ",-Սերժ Սարգսյանի այս հայտարարության ժամանակ բոլորը նայում էին Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, որը հանդիսավոր երեկոյից առաջ արդեն լրագրողներին հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գալիս և իր նախարարներին չի փոխում: Ի դեպ, երեկ երեկոյան սոցիալական ցանցերում և ներկուլիսային խոսակցություններում ԲՀԿ-ի դուրս գալը կոալիցիայից արդեն ժամերի հարց էր համարվում:
Եվ վերջապես`Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթի գլխավոր մասը. որոշ կրիտիական պահերի որոշ գործարարներ մի փոքր շահույթ ստանալու համար թանկացնում են առաջին ահրաժեշտության ապրանքների գները: Այս հայտարարության ժամանակ էլ բոլորը նայում էին համեստորեն նստած Սամվել Ալեքսանյանի ուղղությամբ:
"Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ո՛չ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ և օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինապահությամբ: Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը և պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: Մենք դա պետք է անենք: Այո՛, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում": Դե սա էլ Գագիկ Բեգլարյանի մասով:
ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ

No comments: