Wednesday, December 29, 2010

Նեանդերթալցիները ոչ միայն մսակեր են, այլև՝ բուսակեր. գիտնականներ

Tert.am. 28-12-2010- Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ նեանդերթալցիները սնվել են ոչ միայն մսով, այլ նաև՝ բույսերով և բանջարեղենով։
Գիտնականները նեանդերթալցիների ատամների մնացորդները հետազոտելու ժամանակ բանջարեղենի և բույսերի հետքեր են հայտնաբերվել։
Նշենք, որ նեանդերթալցիների՝ որպես հայտնի մսակերների մասին պատկերացումներն ամրագրվել են մասնավորապես նրանց ոսկորների քիմիական վերլուծության արդյունքում։
Բացի այդ, համարվում է, որ նեանդերթալցիների՝ հենց մսի նկատմամբ ունեցած կախվածությունն է նրանց ոչնչացման պատճառներից մեկը, քանի որ Սառցե դարաշրջանի գալուստը հանգեցրեց մամոնտների և այլ խոշոր կենդանիների ոչնչացման։
Սակայն ամերիկացի գիտնականների այս նոր ուսումնասիրությունները փաստորեն հակասում են այն տվյալներին, որոնք արվել են նեանդերթալցիների ոսկորների քիմիական վերլուծության արդյունքում։
«Այժմ մենք բույսերի մնացորդներ ենք հայտնաբերել անմիջապես նեանդերթալցիների բերանում, ինչն էլ արմատապես փոխում է նրանց դիետայի մասին մեր ունեցած պատկերացումները»,– հայտարարել է Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ալիսոն Բրուքսը։
Իսկ նեանդերթալցիների ոսկորների քիմիական վերլուծության հիման վրա արված եզրահանգումները Բրուքսն այսպես է բացատրել. «Ենթադրվում էր, որ օրգանիզմում սպիտակուցի պարունակության բարձր մակարդակը բացառապես միս ուտելու արդյունք է։ Սակայն բույսերը ևս կարող են բարձրացնել օրգանիզմում սպիտակուցի պարունակությունը»,– նշել է Բրուքսը։

No comments: