Monday, December 20, 2010

WikiLeaks. ՄԻԱՅՆ ԷԼԻՏԱՆԵՐ

«Լրագիր» 20-12-2010- WikiLeaks-ի բացահայտումներից հետո վերլուծաբանները սպասում էին հրաժարականների եւ դատական գործընթացների ալիք: Սակայն արդեն կարելի է վստահորեն պնդել, որ բացահայտումները, վիրավորանքները եւ մնացյալը մնացին իշխանության ներկայացուցիչների զուտ մարդկային հարաբերությունների մակարդակին: Բացահայտումներից ոչ մեկն առայժմ չի շոշափել քաղաքացիական հասարակության շահերը, որը հրապարակումներն ընկալում է որպես “աշխարհիկ քրոնիկոն”:
Ներկայում իշխանության ներկայացուցիչներն ամեն մի բառն արտաբերելու են ամենայն զգուշությամբ: Իշխանավորները հասկացել են, որ իրենք բոլորի աչքի առաջ են, եւ իրենց ցանկացած շարժում ֆիքսվում է: Ներկայում խաղը կդառնա ավելի բաց, եւ ըստ այդմ` ազնիվ:
Հատկանշական է, որ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է. “Մեր դիվանագետներն անընդհատ հաղորդում են իրենց հավատարմագրված երկրների իրադարձությունների զարգացման մասին: Եւ նրանք շարունակում են դա անել”:
Արդյոք WikiLeaks-ի հեղինակները հասել են իրենց նպատակին եւ ի՞նչ նպատակ են դրել իրենց առջեւ: Մի կողմից, կայքի հեղինակները կարող էին նպատակ դնել պատռել համաշխարհային որոշ առաջնորդներից քողը եւ ցույց տալ նրանց իրական դեմքը: Չէ՞ որ շատ երկրներում, որոնցում հասարակությունը չի մասնակցում կառավարման գործընթացին, ավտորիտար ռեժիմներն իրենց իրական դեմքը ծածկում են դեմոկրատիայի քողով: Ներկայում այդ քողը պատռված է: Բայց ի՞նչ է դա տվել հասարակություններին:
Հատկանշական է, որ ոչ մի երկրում, որոնց ղեկավարները “բացահայտվել” են WikiLeaks-ի կողմից, հասարակությունը չի պահանջել բացատրություններ կամ հերքում: Ոչ Թուրքիայում, որի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ոչ Ադրբեջանում, որի նախագահի մասին բազմաթիվ հրապարակումները եղան, ոչ հայաստանում, որը խառն էր զենքի անօրինական վաճառքի սկանդալին, հասարակությունը պահանջներ չներկայացրեց: Այնպիսի զգացողություն է, թե այս երկրներում հասարակությունները որեւէ կապ չունեն սեփական իշխանությունների հետ` նրանք ոչ թե պարզապես չեն կարող նրանց պահանջներ ներկայացնել, այլեւ ինքզինքը պարտավոր չեն համարում դա անել:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: