Monday, January 31, 2011

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը երիտասարդներին «կայցելի» փետրվարի 19-ին

Panorama.am. 31-1-2011- «Սերը մեկ մարդուն վերածում է երկուսի, և երկուսին` մեկի». Իսահակ Աբրավանել
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշվելու է փետրվարի 19-ին: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` հունվարի 14-18-ը:

Ըստ qahana.am կայքի, տոնի կապակցությամբ Արգավանդի (փետրվարի 16), Նոր Նորքի 5-րդ զանգվածի (փետրվարի 17), Առաջնորդանիստ (փետրվարի 18) Ս. Սարգիս եկեղեցիներում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ` թատերախմբի, երգչախմբերի, պարախմբերի, Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորի մասնակցությամբ: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ:

Փետրվարի 19-ին ժ. 11.00-ին Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում մատուցելու է Ս. Պատարագ և երիտասարդների օրհնության կարգ, ժամը 13.00-ին Նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես, ժամը 14.30-ին` Ժող. Արվեստի թանգարանում: Ժամը 15.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը և «Պողոսյան» այգիները կամազակերպելու են աննախադեպ տոնախմբությունն «Սիրահարների զբոսայգում» համերգային ծրագիր, ձիավոր` նվերներով և այլ անակնկալներ: Սուրբ Սարգսի տոնախմբությունն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Արարատյան Հայրապետական թեմը, ինչպես ամեն տարի, այլ տարի էլ հայտարարել է նաև մրցույթներ: Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի Հայ Նկարիչների միավորումը հրավիրում է երիտասարդ ստեղծագործողներին (մինչև 35 տ.) և չափահաս ժող. ստեղծագործողներին մասնակցելու ցուցահանդեսների: Ցուցահանդեսների թեմաներն են` սեր Աստծո հանդեպ, սեր Հայրենիքի հանդեպ, սեր մերձավորի հանդեպ, սեր ծնողների հանդեպ, փոխադարձ սեր:

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի, Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

No comments: