Monday, January 31, 2011

ԲԱՐԱՔՆ ՈՒ ՄՈՒԲԱՐԱՔԸ

«Լրագիր» 31-1-2011- Արաբական և աֆրիկյան շարժումները մեր հանրապետությունում առաջացնում են իրարամերժ զգացողություներ, մի մասը թաքնված նախանձով հիանում է հեղափոխական ալեկոծություններով, առավել փոքրաթիվ մասը վախով մտածում է (արդարացիորեն), որ ցանկացած հեղափոխություն իրականում անսպասելի է ու անկանխատեսելի:
Եգիպտական զարգացումները պատմականորեն ունեն մի հետաքրքիր օրինաչափություն: Ցանկացած եգիպտական ռեժիմի փոփոխությունն առաջ է բերում համակարգային փոփոխություններ ողջ աշխարհում: Ներկա պարագայում կա եգիպտական զարգացումների 4 սցենար, որոնց կարելի որակել իբրև առնվազն տագնապահարույց:

1. Կադրային փոփոխությունների գնով ռեժիմը պահպանում է իր ընդհանուր վեկտորը

2. Իշխանության գլուխ են գալիս զինվորականները: Հետաքրքիր է, որ իսլամական աշխարհում զինվորոկաններն ու աշխարհիկ ռեժիմը նույնացվում է: Եգիպտոսը բացառություն չէ:

3. Ամենավտանգավոր զարգացումը, դա Մուսուլման Եղբայրների իշխանության գալու տեսլականն է:

4. Էլ Բարադեյին, հուրախություն արևմտականների, գալիս է իշխանության` իրականացնելու Մեծ Եգիպտական ժողովրդավարությունը:

“Ամենատհաճ” վիճակում ներկայում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման է: Բոլորովին վերջերս նա այցելել է Եգիպտոս, որի նախագահին անավանել է կարևոր ստրատեգիական դաշնակից` ձեռք բերելով բազմաթիվ պայմանավորվածություններ: Դրա համար էլ արևմտյան բոլոր վերլուծական կենտրոնները այժմ փորձում են ճշգրտել եգիպտական հուզումների բնույթը: Եվ միանշանակ գալիս են մի եզրակացության` այդ պայքարը սոցիալական բունտ չէ:

Ի դեպ, ասեմ, որ Հայաստանում ցանկացած փորձ` հեղափոխությունը ներկայացնելու իբրև “ոչ հացի կռիվ”, առաջացնում է վրդովված արձագանքներ: Մենք ուզում ենք հեղափոխությունը տեսնել իբրև սոցիալական դժգոհության հետևանք, սակայն ցավոք այդ տրամաբանական շղթան միշտ կտրվում է այնտեղ, ուր սկսվում է իրական հեղափոխության ալիքը: Այժմ Եգիպտական խնդիրը ունի 2 առանցք, որը Եգիպտոսի բնակչությանը բաժանում է 2 հատվածի.

1. Իսլամիստների
2. Ռեֆորմիստների:

Առաջինների հաղթանակի դեպքում միանգամից թուլանում է ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում, տասնապատիկ ավելանում են Իրանի խաղադրույքները, սովորության համաձայն իսլամական աշխուժացման վրա սկսվում է խաղալ Ռուսաստանը (ու հետո տանուլ է տալիս), սակայն ամենախիստ տուժողը Իսրայելն է, որը կորցնում է Մերձավոր Արևելքում մանևրելու հնարավորությունը:

Իհարկե, այլ զարգացումների դեպում փոխվում է նաև համաշխարհային ուժերի համամասնությունը, որը կարող է փլատակների տակ թողնել նույնիսկ իսլամական բոլոր ռեժիմների հանդեպ բարեկամաբար տրամադրված Ռուսատանին (և ավտոմատ Հայաստանին): Ինչ վերաբերվում է ռեֆորմիստների իշխանության գալը, հնարավոր է միայն արևմտյան հզոր միջամտության դեպքում, սակայն այդ միջամտությունը ուշանում է:

Բարակ Օբաման ինքն իրեն երևի բազմիցս խոստովանել է, որ Բուշի իրաքյան քաղաքականությունn ինչ-որ տեղ արդարացված է: Պրո-իրանական Իրաքին կարող է միանալ պրո-իրանական Եգիպտոսը Ռուսաստանի լուռ օրհնության ներքո: Կարճ ասած, դժվար է Բարաքի գործն առանց Մուբարակի:

Իսկ մենք կարող ենք ուրախանալ: Մենք համաշխարհային զարգացումների հետ որևէ կապ չունենք և նույնիսկ չունենք «Մուսուլման Եղբայրներ» շարժում…

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: