Saturday, January 15, 2011

Դինքի սպանությունը չի կանխվել. ևս մեկ խոսուն ապացույց

HayNews.am. 14-1-2011- Թուրքական Milliyet-ի լրագրող Նեդիմ Շեների «Կարմիր ուրբաթը. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» գրքում նոր մանրամասներ են ներկայացվում «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Առաջիկա օրերին վաճառքի հանվելիք գրքից որոշ հատվածներ է ներկայացրել Milliyet պարբերականը:
Մասնավորապես, Պոլսի Անվտանգության ծառայության պետի տեղակալի ստորագրությամբ 2004 թվականի մարտի 2-ին թվագրվող փաստաթղթում նշվում է, որ Դինքին ուղղված բազմաթիվ սպառնալիքներ են հնչում, ուստի «Ակօսի» խմբագրատան մոտ պետք է հսկողություն սահմանվի:
Միևնույն ժամանակ պարզ է դարձել, որ Տրապիզոնի Անվտանգության ծառայությունը 2006 թվականի փետրվարի 17-ին մի գրություն է ուղարկել Պոլսի համապատասխան ծառայություն, որում նվում է, թե ներկայումս Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալներից մեկը՝ Յասին Հայալը վերջինիս չեզոքացնելու նախագիծ է կազմում: Նույն վայրից Անկարա ուղարկված մեկ այլ գրության մեջ հստակ նշվում է, որ Հայալը պատրաստվում է սպանել Դինքին:
Նշենք, որ Նեդիմ Շեները հեղինակ է Դինքի սպանության մասին պատմող մեկ այլ գրքի՝ «Հետախուզության ստերը» անունով: Վերջինս այդ գրքի համար թուրքական իշխանությունների կողմից ենթարկվեց հետապնդումների: Նրան անգամ առաջադրվեց մեղադրանք «պետական գաղտնիքները» հրապարակելու մեջ:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments: