Saturday, January 15, 2011

ԲՀԿ-ն համալրվում է Սամվել Բաբայանի կուսակիցներո՞վ. «Դաշինքից» չեն բացառում սրա հնարավորությունը

Tert.am. 15-1-2011- «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը չի բացառում, որ իրենց կուսակցության որոշ անդամներ այլ կուսակցությունների անդամագրվելու անհատական որոշում կայացրած լինեն։ Այս մասին Tert.am–ին ասաց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով «Հրապարակ» թերթի այսօրվա այն հրապարակումը, համաձայն որի՝ «Դաշինք» կուսակցության համակիրները վերջին շրջանում համալրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը։
Ղլեչյանն ասաց, որ ««Դաշինքը» «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ միավորվել է ՀՌԱԿ–ի շուրջը»։ «Իսկ անհատապես կուսակցության անդամներից, քաղխորհրդի անդամներից յուրաքանչյուրը կայացնում է իր որոշումը՝ շարունակե՞լ գործունեությունը այդ դրոշի տակ, թե՞ անդամագրվել այլ կուսակցությունների։ Ես չեմ բացառում, որ ոմանք կարող են այլ կուսակցությունների, այդ թվում ԲՀԿ–ին անդամագրվելու որոշում կայացնեն»,– պարզաբանեց «Դաշինքի» քաղխորհրդի անդամը։
Նույն տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև ԲՀԿ–ից։ Կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, իսկ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցի առնչությամբ մեզ ասաց. «Ինձ նման տեղեկատվություն բացարձակապես հայտնի չէ»։
Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Դաշինքի» անդամները ԲՀԿ–ին են անդամագրվում կուսակցության ղեկավար, Ղարաբաղի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հրահանգով։ «Չի բացառվում, որ 2012թ. ԱԺ ընտրություններում «Դաշինքն» ու ԲՀԿ–ն համագործակցեն՝ հանդես գան մեկ ցուցակով»,– գրել է թերթը։

No comments: