Tuesday, January 25, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ

«Լրագիր» 25-1-2011- Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկությունը հերթական անգամ վկայեց, որ գերտերության արտաքինի տակ իրականում առկա է բավական թույլ, խոցելի, բավական անկենսունակ, առավելապես կայսերապաշտապան քարոզչական հենքի վրա կառուցված մի պետություն, որտեղ անվտանգության խնդիրը դրված է ամենայն սրությամբ:
Բանն այն է, որ արդեն տարիներ շարունակ Ռուսաստանում, ընդհուպ մայրաքաղաք Մոսկվայում, տեղի են ունենում ահաբեկություններ, որոնց շղթան իշխանությունը որեւէ կերպ չի կարողանում ընդհատել: Իհարկե, կա նաեւ տարբերակ, որ ոչ թե չի կարողանում, այլ չի ուզում, քանի որ այդ միջոցներով ինչ-ինչ հարցեր է լուծում: Դա առավել եւս վատ է, որովհետեւ վայ այն երկրին, որտեղ իշխանությունը ինչ որ հարցեր լուծելու համար պարբերաբար ահաբեկություններ է նախաձեռնում կամ սադրում:

Կա մեկ այլ տարբերակ էլ, ըստ որի, Ռուսաստանում տեղի ունեցող ահաբեկությունները վերջին շրջանում հատկապես ակտիվացել են Մեդվեդեւ-Պուտին մրցակցության պատճառով, եւ Պուտինը փորձում է ստեղծել տպավորություն, որ Մեդվեդեւն անկարող է ապահովել ռուսաստանցիների անվտանգությունը:

Ի դեպ, հետաքրքրական մի հանգամանք. Դոմոդեդովո օդանավակայանի պայթյունը տեղի ունեցավ Դավոսի տնտեսական միջազգային հայտնի համաժողովի նախօրեին, որին պետք է մասնակցել ՌԴ նախագահ Մեդվեդեւը եւ պետք է լիներ այդ համաժողովի առանցքային բանախոսը: Մինչդեռ պայթյունի պատճառով Մեդվեդեւը հրաժարվեց Դավոս մեկնելուց:

Չի բացառվում, որ այդ ամեն ինչի նպատակներից մեկն էլ այն է, որ Մեդվեդեւը հրաժարվի իր հռչակած արդիականացման կուրսից ընդհանրապես, ինչը կնշանակի հրաժարում իշխանությունից: Իհարկե, Մեդվեդեւն առայժմ միայն խոսում է արդիականացման մասին, իսկ գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն արվում, եւ Ռուսաստանը շարունակում է ապրել իր “սուվերեն դեմոկրատիայի” ռեժիմում:

Այդ ամենի մեջ Հայաստանի ու հայաստանցիների համար էլ կա մտածելու շատ բան: Չէ որ Ռուսաստանն է հանդիսանում Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր, գոնե դե յուրե: Այդ իմաստով հարց է առաջանում, թե արդյոք հուսալի է այդ երաշխավորը, որ չի կարողանում անգամ իր մայրաքաղաքը զերծ պահել պարբերական ահաբեկություններից եւ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը:

Իսկ եթե այդ ամենը իրականում տեղի է ունենում Ռուսաստանի իշխանության վերահսկողության ներքո, կամ իշխանության ինչ որ մասի, ապա հարց է առաջանում, թե իսկ ինչ կլինի, եթե հանկարծ Ռուսաստանի իշխանության այդ մասը որոշի իր հարցերը լուծելու համար ահաբեկությունները կիրառական միջոց դարձնել ոչ միայն ՌԴ տարածքում, այլ նաեւ դրանից դուրս այն տարածքներում, որտեղ ՌԴ-ն բավական մեծ ազդեցություն ունի:

No comments: