Tuesday, January 25, 2011

Դավութօղլու. ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջան

Tert.am. 25-1-2011- Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում։
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դավութօղլուն խոսել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ահաբեկության դեմ պայքարի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին։
Պատասխանելով պատվիրակներից մեկի՝ Թուրքիայի իշխանությունների՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկխոսության ծավալման հնարավորությանն առնչվող հարցին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ «ժողովրդավարական հասարակություններում ահաբեկիչների հետ երկխոսություն չեն ծավալում»։
Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ հարցին՝ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Իսկ ինչպես հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը, Դավութօղլուն իր ելույթում Հայաստանին բնութագրել է որպես Թուրքիայի «ապագա լավ բարեկամ»։
«Թուրքիայի համար երկու տիպի հարևան գոյություն ունի՝ բարեկամ և ապագա բարեկամ։ Մենք Հայաստանին ընկալում ենք որպես Թուրքիայի համար ապագա բարեկամ երկիր»,– հայտարարել է Դավութօղլուն։

No comments: