Saturday, January 22, 2011

ԻՆՉԸ ԿՕԳՆԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

«Լրագիր» 22-1-2011- Անցած տարի բանակում տեղ գտած մեծաթիվ մահվան դեպքերին արձագանքեց նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ով իր խոսքում առանցքային տեղ էր հատկացրել այս խնդրին: Առաջին անգամն է, որ ՀՀ Զինված ուժերում տեղ գտած բռնությունների ու մահվան դեպքերը հայտնվում են Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրության ներքո:
“Բանակում տեղ գտած բռնության դեպքերի մասին ինձ տեղեկություններ հասել էին”, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թոմաս Համմարբերգը: Նրա ունեցած տեղեկություններին ավելացել էին նաև Հայաստան այցի ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ներկայացված կոնկրետ փաստերն ու բանակում զոհված զինծառայողների հարազատների ու նրանց փաստաբանների հաղորդած տեղեկությունները:
“Դրանց վերաբերյալ շատ կոնկրետ առաջարկություններ կարվեն, շատ կարևոր է բացառել տեղի ունեցող դեպքերի անպատժելիությունը,- ասում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը,- կարծում եմ ակնհայտ է, թե ինչ պիտի արվի, այստեղ հստակ կանոններ պիտի լինեն, լրջորեն պետք է արձագանքել բռնության, չարաշահումների, խախտումերի դեպքերին”:

Թոմաս Համարբերգը նշելով այլ երկրների փորձը բավական պատկերավոր ներկայացրեց բանակում տիրող իրավիճակը և անպատժելիության մթնոլորտի հիմնական պատճառներից մեկը:

“Ռիսկը կա, որ բանակում պաշտոնյաներն իրար կպաշտպանեն, կսատարեն, եթե օրինակ լինեն քննություններ նրանց կողմից չարաշահումների, խախտումների մասով, իրենք ավելի հակված կլինեն իրար սատարելու»:

Նշելով իր ունեցած փորձը, Թոմաս Համմարբերգն ասում է. «Մենք գիտենք, որ շատ ավելի շատ բան է կատարվում բանակում, քան մենք տեղյակ ենք կամ հայտնվում է լրատվամիջոցներում, քանի որ ծնողները վախենում են հաղորդում ներկայացնելու հնարավոր հետևանքներից»:

Ներկայացնելով բանակում բռնությունների հետ կապված իր մտահոգությունները Մարդու իրավունքների հանձնակատարը նշեց իր առաջարկներից մեկը` ստեղծել բողոքարկման համակարգ.

«Անհրաժեշտ է համակարգ, որը կպաշտպանի հաղորդում ներկայացնողներին, որտեղ մարդիկ, ովքեր զգում են, թե իրենց հանդեպ եղել է ոտնձգություն ու բռնություն, կարողանան անկաշկանդ բողոքարկել` չզգալով բռնության որևէ վտանգ»:

Նա խոսեց նաև բանակի անձնակազմի վերապատրատման մասին և ասաց, որ Պնախարարն ու նորանշանակ զինվորական դատախազը դրական են արձագանքել իր առաջարկներին:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: