Wednesday, January 19, 2011

Մարինե Գրիգորյանը խորհուրդ է տալիս Մարաղայի դեպքերով Եվրադատարան հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի

Tert.am. 19-1-2011- Ադրբեջանը փորձ է անում ստեղծել հերթական առասպելը՝ հայտարարելով, թե իբր Բաքվում հայերի կողմից ադրբեջանցիների ջարդեր են կազմակերպվել։
Դեռ 1990թ. փետրվարից Բաքվի քաղաքական վերնախավն սկսել է Բաքվի ջարդերը ներկայացնել այնպես, թե իբր հայերն են իրենց դրդել այդ գործողություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ որպես դեպքերի պատճառ՝ ադրբեջանցիները նշում են հայերի ազգայնական գործողություններն Ադրբեջանում։
Վերջին տարիներին ադրբեջանցիների այդ տեսակետը պետական քաղաքականության է վերածվել։
«Կան բազմաթիվ հոդվածներ, թե իբր հայերը դեռ 80-ական թթ.–ին պատրաստում էին հայերի ջարդեր, որպեսզի Ղարաբաղը խլվեր Ադրբեջանից։ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կայքում կա մի հոդված, որը վերաբերում է Բաքվի իրադարձություններին։ Նշվում է, թե իբր հունվարի 20–ին Բաքու մտան ռուս–հայկական զորքերը»,– նշեց բանախոսը։
Ըստ նրա՝այսօր Ադրբեջանի պետական քարոզչությունը տանում է դեպի այն, թե իբր հայերը Սումգայիթում և Բաքվում իրենք իրենց կոտորել են, որպեսզի հնարավորություն ունենան անջատելու Ղարաբաղն Ադրբեջանից։
«Այսօր Ադրբեջանի իշխող վարչակազմը հասարակության մեջ սերմանում է ամենամութ բնազդները՝ հայկական ջարդերը ներկայացնելով որպես հայերի կողմից դրդված կոտորածներ՝ նշելով, որ հայերը դա ցանկացել են»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Ցավալին, ըստ նրա, այն է, որ եթե այդ քարոզչությունը դեռ երկու տարի առաջ պատմաբանների և քաղաքական գործիչների կողմից էր հնչեցվում, ապա այսօր այդ թեմայով նյութեր են տեղադրված Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերում։
Մասնագետը նշեց, որ Բաքվի ջարդերի դեպքում, ցավոք, առ այսօր դեռ հայտնի չեն դաժանաբար սպանված բոլոր հայերի անունները և զոհերի ստույգ թիվը։ Այժմ արխիվային աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։
Ոչ ամբողջական տվյալներով 89 թ.–ին Բաքվում սպանվել է 60, 1990թ.–ին՝ 300 մարդ։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն էլ բացահայտեց՝ կան ապացույցներ, որ հայերի սպանությունները կազմակերպած Բաքվի ուժերը տեղյակ էին, որ ԽՍՀՄ զորքերի հետ բախումներ են լինելու և պատրստ էին դրանց։
Մարինե Գրիգորյանը նշեց, որ դեռ Սումգայիթի դեպքերից հետո էին Բաքվում սկսվել հայերի սպանություններն ու հետապնդումները։ Ավելին, կան փաստաթղթեր, որ Բաքվում մինչ ջարդերը հայերն են կախվել։
Մասնագետը խորհուրդ է տալիս Ադրբեջանի քարոզչությանը արժանի հակահարված տալ պետական մակարդակով, քանի որ այն ամենն, ինչ կատարվեց 21 տարի առաջ, այսօր դեռ արդիական է։
«Լռությունը կարող է բերել ցեղասպանությունների։ Զարմանում եմ, թե մեր խորհրդարանն ինչու մինչ այսօր այդ դեպքերը չի ճանաչում որպես ցեղասպանություն»,– նշեց նա։
Մարինե Գրիգորյանը խորհուրդ է տալիս ցեղասանության մի որևէ դրվագով, օրինակ, Մարաղայի դեպքերով Եվրադատարան հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի։
Նա նաև տեղեկացրեց, որ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է երեք ֆիլմ՝ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի մասին։ Հաջորդ երկու ֆիլմերը կնվիրվեն Խոջալուի դեպքերին և հայտնի «Կոլցո» օպերացիային։

No comments: