Wednesday, January 19, 2011

Թուրքիա մեկնող առեւտրականները բողոքի ակցիա են իրականացրել նաեւ Երեւանում

News.am. 19-1-2011- Թուրքիա մեկնող հայ առեւտրականները այսօր՝ հունվարի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել նաեւ Երեւանում՝ «Անի» հյուրանոցի մոտ, բողոքելով Թուրքիայից Հայաստան առաքվող ապրանքների տրանսպորտային ծախսի կրկնակի թանկացման դեմ։ Հիշեցնենք, որ նմանատիպ մի ակցիա տեղի է ունեցել նաեւ Ստամբուլում։
Մեզ հաջողվեց պարզել, որ թանկացել են ոչ միայն Թուրքիայից, այլեւ Չինաստանից եւ այլ երկրներից ներկրումները։ Այսպես՝ եթե նախկինում Չինաստանից ներկրվող հագուստի 1 կգ-ի համար բեռնափոխադրողները գանձում էին 7 դոլար, ներկայում՝ 14 դոլար։ Թուրքիայից ներկրվող հագուստի տրանսպորտային ծախսը կիրակի օրվանից սկսած արժե 8 դոլար, նախկին 4-ի փոխարեն։
Այս թանկացումները բացառապես պայմանավորված են Հայաստանի մաքսային ծառայությունների կողմից ներկայացվող պահանջներով։
Համեմատության համար նշենք, որ առանց մաքսազերծման բեռը Ստամբուլից Երեւան է հասնում 0,2 դոլար արժեքով՝ 1 կգ-ի համար։ Այսինքն, այն բեռնափոխադրողները, որոնք մաքսազերծում չեն իրականացնում (առեւտրականների լեզվով ասած՝ «կարգո» չեն անում), բեռն Ստամբուլից Երեւան տեղափոխելու համար 17-18 տոննայանոց 1 բեռնատարի համար պահանջում են ընդամենը մոտ 3500-4500 դոլար։
Այսպիսով՝ Ստամբուլից Երեւան ուղարկվող բեռի տրանսպորտային ծախսի մեջ 97 տոկոսից ավելին մաքսազերծման ծախսերն են։ Բացի այդ՝ Արարատյան մաքսատանը ներկայումս բեռնատարներին ստիպում են ամբողջովին բեռնաթափել բեռները, ու առանձին մաքսազերծում իրականացնել։
Այս խստացումների հետեւանքով առեւտրականներից շատերը հետաձգել են դեպի Թուրքիա ու Չինաստան իրենց գործարար ուղեւորությունը։ Նրանք հույս ունեն, որ առաջիկայում մաքսազերծման արժեքը կնվազեցվի։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեից այս հարցի կապակցությամբ NEWS.am-ին խոստացան պարզաբանում տրամադրել օրվա ընթացքում։

No comments: