Saturday, January 29, 2011

Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

Panorama.am. 29-1-2011- Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀԲԸՄ լայնածավալ ազգանպաստ գործունեությանը Սփյուռքի հայ համայնքներում և Հայրենիքում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սերտ համագործակցությանը և քննարկվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել ՀԲԸՄ անդամների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ դրսևորվող նվիրումի և աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռը առավել բարեզարդվում է, ինչպես նաև շարունակում է իրականացնել մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր: Հայապահպանության և հայորդիների քրիստոնեական, հայեցի դաստիարակության գործում Վեհափառ Հայրապետը կարևորել է ՀԲԸՄ գործակցությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հետ:

Իր հերթին ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությունը ներկայացրել է Միության բազմաթիվ ծրագրերը, այդ թվում նաև Երևան քաղաքում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը` վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի գործունեության ընդլայնմանը: Պ. Սեդրակյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Սփյուռքի տարբեր համայնքների վիճակի և թեմական կառույցների հետ ձևավորված գործակցության մասին: Նա նաև ընդգծել է, որ ՀԲԸՄ ներկայի գործունեության մեջ հիմնականում ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին, նրա հայրենասիրական ոգու կերտմանը, ազգային ինքնության ամրապնդմանը, որով հայ համայնքներում իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր, ինչպես օրինակ` համացանցի միջոցով հայոց լեզվի ուսուցում և բազում այլ նախաձեռնություններ, նաև կազմակերպվում են ամառային ճամբարներ և Հայրենիք այցելություններ:
Նշենք, որ հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահին մաղթել է արդյունավետ գործունեություն հանուն Հայաստանի և Արցախի բարգավաճման, Սփյուռքի հայ համայնքների ազգային կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրրության և նվիրական իղձերի իրականացման:

No comments: