Saturday, January 29, 2011

Մեր հրամանատարները վախեցող ու նահանջող չեն. Սեյրան Օհանյան

HayNews.am. 29-1-2011- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդներին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պաշտպանության նախարարության 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը սպառնում է` ասելով` եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ: Մենք խնդրին անդրադառնում ենք հետևյալ կերպ` եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի: Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ, նրանք վախեցող ու նահանջող չեն»:
ՀՀ պաշտպանության նախարարը օտարերկրյա ռազմական կցորդներին ասել է նաև, որ Հայաստանը գործընկեր պետությունների հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս թշնամանք չի սերմանում այն հարևանների նկատմամբ, որոնց հետ ունի չլուծված խնդիրներ և չի անում այպիսի քայլեր, որոնք կարող են վտանգել գործընկեր պետությունների տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականությունը:
Հանդիպմանը մասնակցող օտարերկրյա ռազմական կցորդները և ռազմական ներկայացուցիչները շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարին Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպված ընդունելության համար:

No comments: