Saturday, January 15, 2011

Հնարավոր է՝ մանկական «Եվրատեսիլն» այս տարի անցկացվի Հայաստանում

Tert.am. 15-1-2011- «Շատ հնարավոր է, որ մանկական «Եվրատեսիլն» այս տարի անցկացվի Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Ըստ նրա՝ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյո՞ք այդ մրցույթը կանցկացվի Հայաստանում: Ինչ վերաբերում է հարցին, թե որքան գումար է հարկավոր «Եվրատեսիլն» անցկացնելու համար, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին դեռևս գումարների մասին վաղ է խոսելը. «դա կախված է նրանից, թե մենք ինչ ենք ուզում ստանալ»: Միաժամանակ, ըստ Հարությունյանի, եթե հաստատվի, որ մրցույթն անցկացվելու է Հայաստանում, ապա դրա անցկացման ծախսերը միայն Հայաստանը չի հոգալու:
«Այդ ծախսերը միայն մեզ վրա չեն լինի, այլև Ժնևի Եվրոպական հեռարձակողների կողմից բավականին շոշափելի աջակցություն է տրվում»,- ասաց նա:
Ամփոփելով անցած տարին՝ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ անցած տարին հիմնականում հաջող տարի էր Հանրային հեռուստատեսության համար մի քանի պատճառներով: Նախ, ըստ նրա, իրենք կարողացել են ամբողջությամբ հաղթահարել ճգնաժամի ազդեցության հետևանքները, կարողացել են ապահովել մեծ հեռուստալսարան, նկարահանել են գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր, որոնց նկարահանումները կշարունակվեն նաև այս տարի:

No comments: