Saturday, January 15, 2011

Հրանտ Դինքի այրին Թուրքիայում հայկական ամենամեծ գերդաստաններից մեկի միակ ներկայացուցիչն է

HayNews.am. 15-1-2011- Թուրքական Hurriyet պարբերականն անդրադարձել է Վարդանի գերդաստանի (առավել հայտնի է Վարթո հայկական աշիրեթ) ճակատագրին, որն Արևմտյան Հայաստանից ամբողջովին գաղթել է Ֆրանսիա` Թուրքիայում թողնելով միայն մի անդամի` Ռաքել Դինքին` «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն:
Հայկական գերդաստանը, որն առավել հայտնի է քրդական Վարթո աշիրեթ անվամբ, 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունից փրկվելով, քաշվել է լեռները և սկսել խոսել քրդերեն, յուրացնել քրդերի կենցաղը, սակայն խստորեն պահպանելով քրիստոնեական ավանդույթներն ու ներքին ամուսնությունները:
1960-ականներին Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի միջնորդությամբ քրդախոս հայկական ցեղախումբը սկսում է տեղափոխվել Պոլիս: Հենց այս ժամանակ էլ, չնայած որոշ բարդությունների, ամուսնանում են Վարթո ցեղապետի դուստրը` Ռաքելը և Հրանտ Դինքը:
Սակայն Վարդանի ցեղախումբը վերջնականապես չի հաստատվում Պոլսում, և 1980 թվականի սեպտեմբերյան ռազմական հեղաշրջումից հետո Ջիզրե շրջանից սկսած նրանց երկար ճամփորդությունը շարունակվում` հասնելով մինչև Ֆրանսիա, Մարսել: Այժմ էլ Վարդանի գերդաստանի անդամները պահպանում են իրենց ավանդույթները և նշում, թե «ով գիտի, մի օր էլ կարող են գալ Հայաստան»:

No comments: