Tuesday, January 11, 2011

«Ազգ». Թուրքական թերթը խեղաթյուրել է ֆրանսիացի դերասանի խոսքերը

«Ես հայկական մանկապարտեզ եմ հաճախել, մեծացել եմ հայերի հետ... Ես ուղղակի չէի կարող նման խոսքեր ասել», այս հայտարարության հեղինակ, ֆրանսիացի երիտասարդ դերասան Գիյոմ Դելորմի համար թուրքական «Hurriyet»-ին տված հարցազրույցում իրեն վերագրվող շատ խոսքեր ուղղակի անհավատալի են:
Դեռեւս դեկտեմբերի 19-ին Ստամբուլում տված հարցազրույցի հրապարակման համաձայն, նախատեսվում է «Սուր եւ շվի» ֆիլմի նկարահանումը, որտեղ էլ Գիյոմ Դելորմը, եթե համաձայնի, խաղալու է հայ երիտասարդի դեր: Ըստ ֆիլմի, հայ երիտասարդը եւ մի թուրք երիտասարդ սիրահարվում են նույն աղջկան: Գիյոմի հետ հարցազրույցի միայն այս հատվածն է, որ ներկայացնում է նկարահանվելիք ֆիլմի մանրամասները, համապատասխանում է իրականությանը:
Այդուհետեւ հոդվածում նշվում է, թե ֆրանսիացի դերասանն իբր քննադատել է Հայոց ցեղասպանության ժխտումը որպես հանցանք հայտարարող ֆրանսիական օրենքը, իբր նման օրենքի ընդունումն անընդունելի է: Ավելին, ըստ թուրք լրագրողի հրապարակման, Գիյոմն իբր նշել է, թե Ֆրանսիան նման կեցվածքով անարդար է վերաբերվում Թուրքիային, թե իբր եղել է հայ-թուրքական բախում, բայց ոչ ցեղասպանություն:
Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է, այսինքն` թուրքական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության թեման թուրք լրագրողներին ամբողջությամբ նմանեցնում է ադրբեջանական լրագրողներին, որոնք կանգ չեն առնում ոչ մի կեղծարարության առաջ` անգամ բացահայտ: Ինչպես տեղեկացնում է Ժան Էքիյանը Ֆրանսիայից, որը փորձել է Գիյոմ Դելորմից ճշտել «Hurriyet»-ի հրապարակման իսկությունը, ֆրանսիացի դերասանը հայտարարել է. «Ես նման բաներ չեմ ասել: Ես ամբողջությամբ ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը: Ես մեծացել եմ Մարսելում հայերի հետ, մի մանկապարտեզում, որ հայկական էր: Ես հայ ընկերներ ունեմ: Հրապարակումը այնպիսին է, որ ես նման բան ուղղակի չէի կարող ասել, դա ոչ իմ համոզմունքների հետ է համընկնում, ոչ իմ կրթության»,-ըստ թերթի, ասել է Գիյոմ Դելորմը:

No comments: