Wednesday, January 19, 2011

Հրանտ Դինքի սպանության օրը Թուրքիայում տեղի կունենան հիշատակի մի շարք միջոցառումներ

News.am. 19-1-2011- Ստամբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի խմագիր Հրանտ Դինքի սպանության 4-րդ տարելիցը տարբեր միջոցառումներով կնշեն Թուրքիայի մի քանի քաղաքներում:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից, թուրքական մի շարք կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կողմից հունվարի 19-ին Ստամբուլում կազմակերպվելու է երկու միջոցառում՝ «Առանց Հրանտի 4 տարի: Հաշիվ ենք պահանջում իրական մարդասպանից» կարգախոսի ներքո: Նախատեսված է սգո միջոցառում «Ակոս»-ի դիմաց 15:00-ին եւ ջահերով երթ՝ 19:00-ին Թաքսիմի հրապարակից:
Հիշյալ նախաձեռնող խմբի հայտարարության մեջ նշվում է. «Հրանտ Դինքի եւ պետության կողմից իրագործված նման մյուս սպանությունների իրական պատվիրատուներին դատապարտելու համար, իրական պատվիրատուներից հաշիվ պահանջելու համար բոլորին հրավիրում ենք Թաքսիմի հրապարակ»:
Անկարայում կցուցադրվի Դինքին նվիրված ֆիլմ, որից հետո՝ երեկոյան կիրականացվի երթ՝ «4 տարի է, ինչ Հրանտը չկա» կարգախոսով:
Թուրքիայի Բոդրումի քաղաքապետարանի դիմաց եւս սգո միջոցառում տեղի կունենա, որի ընթացքում խոսքով հանդես կգա Taraf թերթի սյունակագիր Մարկար Եսայանը:

No comments: