Thursday, January 20, 2011

Ադրբեջանահայերը մտադիր են դիմել Հաագայի դատարան Բաքվի «Շահիդների պուրակի» կեղծիքին վերջ դնելու նպատակով

PanARMENIAN.Net -20-1-2011- Ադրբեջանից հայ փախստականների լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն դիմել է ՌԴ Պետդումային: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես գիտեք ամեն տարի հունվարի 20-ը Ադրբեջանում նշվում է որպես Ադրբեջանի անկախության համար զոհվածների հիշատակի օր: Միջոցառումների հիմնական կենտրոնն այսպես կոչված «շահիդների» պուրակն է»:
Բաքու ժամանող բոլոր պատվիրակություններն արարողակարգի շրջանակներում պարտադիր այցելում են «շահիդների» պուրակ և ծաղկեպսակ դնում «Ադրբեջանի անկախության համար զոհվածների գերեզմաններին»: Ո՞վ է իրականում թաղված այդ պուրակում»: Նամակում նշվում է, որ այդ տարածքում թաղված են Բաքվում հայերի ջարդերի մասնակցիները: «Նույն վայրում հուղարկավորելով նաև մի քանի ռուս քաղաքացիների, որոնք ոչ մի կապ չունեին մարդասպանների հետ, այլ իրենք ևս նրանց զոհերն էին, ջարդերի կազմակերպիչները ցանկանում էին ցուցյ տալ աշխարհին, թե իբր ջարդարարների կազմը «ինտերնացիոնալ էր»,-ասվում է նամակում: Ինչպես ասվում է նամակում, այդ զեղծարարությունը պղծում է սպանված խաղաղ բնակիչների ու Խորհրդային բանակի զինվորների հիշատակը, ինչպես նաև դա կատարված ոճրագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է:
«Մենք մտադիր ենք միջազգային հետաքննություն սկսել Ադրբեջանում զեղծարարությունների վերաբերյալ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանը: Իր հերթին կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը նշել է, որ իրենք մտադիր են ավարտին հասցնել գործը՝ վերջ դնելու համար այդ կեղծարարությանը: Ըստ նրա, երբ կազմկոմիտեն ստանա ռուսական կողմի պատասխանը, նա այդ նույն հարցով կդիմի Հաագայի դատարան:
«Մեր տունը Հայաստանն է» ՀԿ-ի ղեկավար Նիկոլայ Բաբաջանյանը հայտնել է, որ շահիդների թվում են նաև այնպիսի մարդիկ, որոնք մահացել են, օրինակ, հոգեկան ցնցումից, կամ մի կին է, որն ինքնասպան է եղել, չդիմանալով ամուսնու մահին: «Շահիդների ցուցակում է նաև անհայտ կորած համարվող մի մարդ, որը, չգիտես ինչու, այդտեղ է թաղված»,-ասել է նա:

No comments: