Wednesday, January 19, 2011

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՉԻ ԿԱՆԽՎԵԼՈՒ

Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը
-2010-ին արտագաղթի մեծ տեմպեր գրանցվեցին` շուրջ 70 հազար մարդ: Ըստ Ձեզ` դա ինչո՞վ է պայմանավորված:
-90-ականներին առաջին հերթին մարդիկ դիմում էին արտագաղթի (օբյեկտիվ պատճառներով) առաջացած սոցիալական ծանր պայմանների հետևանքով, և արտագաղթի ամենամեծ պիկերը մեզանում գրանցվել են 96-ին, 2000-ին, 2002-2003 թթ.: 2003-ին մենք մի հետազոտություն իրականացրինք և հրատարակեցինք «Արտագաղթը Հայաստանից» գիրքը: Այն ժամանակ գրքի շուրջ բավական աղմուկ բարձրացավ, միգրացիայի վարչության հետ քննարկեցինք խնդիրը: Ըստ մեր հետազոտության արդյունքների`արդեն 2003-ին, երբ շատ պարզ էր իրական սոցիալական վիճակը, պարզ դարձավ, որ մարդիկ ավելի շատ գնում են անարդարությունից: Ու թեեւ 2002-2003 թթ. շատ քիչ մարդիկ ունեին տնտեսական հնարավորություններ` գործունեություն սկսելու, բայց անգամ նրանք, ովքեր արդեն սկսել էին և բավական հաջողել էին, հենց այդ մարդիկ էին գնում: Մի դեպքում կարող էր թվալ, որ մարդիկ ուղղակի հնարավորություն, ֆինանսական ռեսուրսներ ունեին գնալու և նոր վայրում կարող էին նոր կյանք սկսել, մյուս կողմից այդ մարդիկ իրենց գնալը բացատրում էին ոչ թե, որ Հայաստանում դժվարանում են ապրել, այլ որովհետեւ իրենք Հայաստանում անընդհատ բախվում են իրավական և պարզ մարդկային անարդարությունների հետ:

-Կարծես թե միշտ արտագաղթի ցուցանիշն աճում է ընտրական պրոցեսներից հետո:
-Հատկապես ընտրություններից հետո է արտագաղթի ցուցանիշն ավելանում: Երկու դեպքում էր դա լինում. մի դեպքում մարդիկ հույսեր էին կապում, որ իրենց թեկնածուն կանցնի և այդ թեկնածուն իրենց համար հատուկ պայմաններ կստեղծի, այսինքն`այնպես չէր, որ անարդարությունն էին ուզում վերացվի, այլ կոնկրետ իրենց ընտրված սուբյեկտները սուբյեկտիվ պայմաններ կստեղծեին իրենց կյանքը բարելավելու համար: Մյուս դեպքում էլ իսկապես սպասում են արդարության գալուն, սակայն ընտրության պրոցեսը ցույց էր տալիս, որ անիմաստ է այդ սպասումը, և երկու խմբերից էլ մեծ արտագաղթ էր լինում: Անցյալ տարի, երբ հրապարակվեցին Գելլապի հետազոտությունները, դրանք արդեն 2003-ին առկա էին, այնպես չէ, որ երկրում հիմա լրացուցիչ նոր տրամադրություն է առաջացել, այն կար նաև 2002-2003-ից հետո:

-Տիկին Խառատյան, այնուամենայնիվ, 2007-ից հետո երկրում իրավիճակ է փոխվել, մարտի 1 է եղել, արդյո՞ք հաշվարկը պարզ չէ, որ արտագաղթի տեմպերն ավելի էին աճելու:
-Ակնհայտ է, որ դա ազդել է արտագաղթի տրամադրության վրա: 2008-ին Հայաստանում սկզբունքորեն եվրոպական ստանդարտով ապրող մարդիկ, որոնք արդեն միայն ֆինանսական և նյութական խնդիրներ չեն ծրագարավորում, այլ նաև հեռանկարներ` կրթություն, մշակութային կյանք, սոցիալական կայուն վիճակ, նրանց մոտ առկա էին մեկնելու տրամադրությունները, նրանք հույս չունեին, թե որեւէ հեռանկարային փոփոխություն երկրում կարող է լինել:

-Ստեփան Դանիելյանն ասում է, ու Հայաստանում այսօր էլ քիչ չե նրանց թիվը, ովքեր այստեղ ապրելով հանդերձ` հոգեբանորեն արտագաղթած են:
-Սա հայտնի միտք է, մի ժամանակ նրանց անվանում էինք ներկա բացականեր, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա են, բայց ոչ մի ծրագիր, հեռանկար չունենալով` փաստացի բացակա են, երկրի կյանքին չեն մասնակցում, շատ պասիվ են, երբեմն շատ գիտակցված պասիվ են, իրենք իրենց թույլ չեն տալիս կամ որեւէ նախաձեռնողականություն ցուցաբերել` տագնապելով դրա հեռանկաներից, կամ ուղղակի անկարող լինելով` իրենց հեռանկաները կապում են այլ միջավայրերի հետ: Ես կարծում եմ` սա երկրի համար խորապես ծանր խնդիր է: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ փախչում են կամ ուզում են փախչել նվաստացումից` արժանապատվության վերջին փշրանքները պահպանելու հույսով: Անընդհատ արժանապատվության կորուստները չեն կարող չանդրադառնալ հասարակության վրա, և այդ արժանապատվության նվաստացումը այնքան է բթացրել, որ մարդն ուղղակի մարգինալացվել է կամ պասիվացել է:

-Մեր պարագայում արտագաղթի նման տեմպերը ինչի՞ կարող են հանգեցնել, ամենամեծ վտանգը ո՞րն է:
-Բազում խնդիրների կարող է հանգեցնել: 2006-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի անդամ երկրների տարածքներում հետազոտություն է իրականացրել, որտեղ ցույց էր տալիս դեմոգրաֆիկ հնարավոր հեռանկարային փոփոխությունները: Հայտնի է, որ եվրոպական երկրների զգալի մասում ծնելիության մեծ կուրուստ կա, և այդ երկրներն իրենց ժողովրդագրական վիճակը փորձում են լուծել նաև ներգաղթի միջոցով: Եթե վերադառնամ մեր տարածաշրջան, ՄԱԿ-ի այդ հետազոտության արդյունքում Հայաստանը և Վրաստանը (թեեւ հիմա Վրաստանում փոփոխություններ կան, նաև դեմոգրաֆիկ հեռանկարի իմաստով և գուցե ցուցանիշներն այլ կլինեն), 2006-ի հետազոտության համաձայն, խիստ ծերացող երկրներից են: Հայաստանի դեպքում դա կապված է և ծնելիության նվազման, և ադապտատիվ տարիքի մարդկանց, և պտղաբերության տարիքի մարդկանց արտագաղթի հետևանքով (ոչ թե որովհետև մարդիկ ծրագրավորում են քիչ երեխա ունենալ, այլ որովհետև մարդիկ դրսում են ծնում, ոչ թե իրենց երկրում):

Հետազոտությունը ցույց էր տալիս, որ Հայաստանում 2025, 2050 թվականներին, ըստ որի` 2025-ին զգալի, իսկ 2050-ին ճգնաժամանային փոփոխություններ պետք է լինեն, այսինքն`0-ից 15 տարեկանների կտրուկ նվազում, 15-60 տարեկանների թվի շատ նվազում և 60 տարեկանների թվի ավելացում: Արդյունքում` 2050 թվականին Հայաստանում ավելի շատ կմնան 1990 թվականին ծնվածները:

Սա այն դեպքում, երբ Ադրբեջանում և Թուրքիայում ճիշտ հակառակ պրոցեսն է, ժողովրդագրական զարգացում կա, երիտասարդական տարիքի ավելացում ծերացող տարիքի համեմատ, ծնվողների և հեռանկար կապող մարդկանց թվի մեծացում և աշխատող տարիքային խմբի ավելացում, որոնք կարող են այդ ներդաշնակությունը պահել: Այսինքն` շատ ակնհայտ է, որ սա ոչ միայն բանակի խնդիր է, որը նույնպես շատ կարևոր է այսպիսի կոնֆլիկտային տարածքում և կոնֆլիկտային խնդիրներով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, ոչ միայն ընդհանուր երկրի տնտեսական զարգացման խնդիր է, այլ ընդհանուր հասարակական և մշակութային կյանքի ուղղակի սպառնալիք:

-Տիկին Խառատյան, իսկ լսե՞լ եք, որ Հայաստանում մարդիկ արտագաղթեն նաեւ արմատացած ավանդույթների պատճառով:
-Ես չեմ հանդիպել այսպիսի բացատրությունների, բայց չեմ բացառում նման իրավիճակ: Հայաստանում հիմա շատ հետաքրքիր պրոցես կա. մի դեպքում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անվան տակ ընկալվում և հասկացվում է ավանդական մշակույթի կաղապարների պահպանողական պաշտպանություն` թույլ չտալով դրանց մեջ սինթեզ կամ ներքին զարգացումներ, փոխարենը այն, ինչ ավանդական է, պետք է պահպանվի` շատ չհասկանալով էլ, թե որն է այդ ավանդականը, բայց ինչ կա, դա պետք է պահպանվի, իսկ կյանքը, բնականաբար, շատ փոխված է, և մեծ հակասություն կա մարդկանց իրական ձգտումների և ապրելակերպի, հեռանկարների և ցանկությունների, պահպանողական ձգտումների միջև: Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ այդպիսի հակասությունը կարող է արտագաղթի կամ լուրջ բախման պատճառ դառնալ, թեկուզ հենց այն պատճառով, որ այնուամենայնիվ, ոչ ավանդական կյանքով ապրելու ցանկություն ունեցող մարդկանց համար դժվարություն չկա իրենց պատկերացրած կյանքով ապրել: Այսինքն` եթե այդ մարդիկ ուղղակի իրենց կողքին չեն ուզում հանդուրժել պահպանողական ապրելակերպը, այլ բան է, բայց եթե իրենք խոչընդոտներ են տեսնում իրենց ապրելու ցանկությունների միջև,սա խնդրի մյուս կողմն է: Եթե այս խնդրին պատասխանելու լինեի, կասեի, որ թերևս սա ոչ այնքան և ոչ միայն ավանդական մշակութային ապրելակերպի մասին է, այլև ընդհանուր կրթության անկման, կամ մեր կյանքում ոչ ճկուն կերպով ընթացիկ պրոցեսներին հետևելու կարողության:

-Արտագաղթը, այնուամենայնիվ, հնարավո՞ր է կանխել երկրում կտրուկ փոփոխությունների միջոցով: Վրաստանում մենք տեսնում ենք, որ ստացվում է:
-Ես միշտ կարծել եմ, որ նույնիսկ ոչ այնքան նյութական, որքան արդարության որոշ սկզբունքներ եթե պահպանվեն և եթե իրավական համակարգը գոնե 50 տոկոսով փոխվի, զգալի կկանխվեն արտագաղթի տեմպերը: Մինչդեռ մեզանում, իմ կանխատեսումներով, արտագաղթը ոչ միայն չի կանխվելու, այլև երբ այդքան խոսվում է ներգաղթի, սփյուռքահայերի ներդրումների մասին, դրանք դատարկ խոսակցություններ են: Մինչդեռ Վրաստանը ցույց տվեց, որ իսկապես բոլոր խոսակցությունները, թե ժողովուրդների մենթալության խնդիր է, սուտ է, սա ընդամենը մի քանի մարդու քաղաքական կամքի խնդիր է: Հայաստանի որոշ արտադրողներ, ինչքան ինձ հայտնի է, տեղափոխվում են Վրաստան, այնտեղ նրանց որոշակի պայմաններ են առաջարկել: Վրաստանն իր այդքան ծանր ռուսական կոնֆլիկտից հետո իր մեջ կամքի ուժ գտավ իր երկրի ներքին խնդիրներով զբաղվել:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: