Monday, January 31, 2011

Ալի Քերիմլի. «ԵԱՀԿ-ն դիմակազրկել է Ադրբեջանին»

Aysor.am. 31-1-2011- Ադրբեջանում 2010 թ-ի նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ վերջնական զեկույցը ամբողջությամբ վերջ է դրել Ադրբեջանի իշխանության կողմից կեղծ ընդդիմություն ստեղծելու սցենարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ենի Մուսավաթ» թերթը, Հասարակական պալատի նիստի ժամանակ հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Նրա խոսքով, ԵԱՀԿ զեկույցի այն շեշտադրումը, թե Ադրբեջանի իշխանության այլընտրանքը Ժողճակատ-Մուսավաթ բլոկն է, հաստատում է, որ Ադրբեջանի խորհրդարանում իրական ընդդիմություն չկա:
«ԵԱՀԿ զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) խորհրդարանում մեծամասնություն է ձեռք բերել կեղծարարության արդյունքում: Նշվում է, որ իշխող կուսակցության հիմնական այլընտրանքը Ժողճակատ-Մուսավաթ բլոկն է: Դա մեր բլոկին միջազգային լեգիտիմություն է տալիս և միաժամանակ ամբողջությամբ վերջ դնում իշխանության կեղծ ընդդիմադիր սցենարին: Միջազգային մակարդակով հաստատվում է, որ ԵԱԿ-ի իշխանությունն անօրինական է: ԵԱՀԿ զեկույցն իր սկզբունքայնությամբ շատ է տարբերվում Ադրբեջանում նախկինում անցկացված բոլոր կեղծ ընտրություններին տրված գնահատականներից: Զեկույցում բացահայտ կերպով ասվում է, որ ընտրություններն Ադրբեջանում կեղծվել են, խորհրդարանն էլ ժողովրդի կողմից չի ընտրվել: Միջազգային հանրությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունը լեգիտիմ չէ»,- ասել է Ժողճակատի առաջնորդը:

No comments: