Saturday, January 15, 2011

Թուրք թոշակառուն վախենում է, որ Հայկական հարցը մնալու է իր ուսերին

HayNews.am. 15-1-2011- Երբ 1915 թ. դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչել պահանջող նախագիծը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրակարգ մտցնելու վերաբերյալ լուրերը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ թեժ պահերի պատճառ են հանդիսանում, Այդընի Նազիլլի գավառում ապրող Ավնի Շենդիրեք (56 տարեկան) անունով քաղաքացին իր կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ կիսվեց անհանգստություններով. վերջ ի վերջո հայկական դեպքերը մնալու են իր ուսերին:
Գոլորշու վրա մի կյանք
56-ամյա թոշակառու Ավնի Շենդիրեքը, ով ապրում է հայրենի Նեզիլլիում, չնայած ճակատը բաց հասել է այս տարիքին, մամլո ասուլիսն սկսեց` պարզաբանելով, որ երկար տարիներ կասկածների մեջ է, թե հայկական հարցն ամբողջությամբ իր ուսերին է մնալու, այդ իսկ պատճառով նման մամլո ասուլիս է կազմակերպել:
Շենդիրեքը նշելով, որ երկար տարիներ ի վեր զգույշ է վարվում, որպեսզի գլխին որևէ փորձանք չգա, սակայն ամեն ինչ չէ որ իր ձեռքում է, ցույց տվեց ձեռքի տակ եղած դոսյեն: Նա նեղսրտած ասաց. «Նայեք, ահա հաշիվ-ֆակտուրան, իմ տան սարքավորումների երաշխիքների կտրոնները, որոնք պահել եմ 30 տարի, 22 տարի առաջ կորցրած անձնագրիս համար տված «Յենի չաղ» թերթի հայտարարությունը, պատգարակիս թուղթը, նախակրթարանիս օրագրերը, գովասանագրերս, ծննդյան վկայականս… Բոլորն այստեղ են, սակայն արի ու տես, որ գործը սրանով չի վերջանում: Որևէ երաշխիք կա՞, որ վաղը հայկական հարցը իմ ուսերին չի մնալու»:
Փոխհատուցումն ինձանից են վերցնելու
Շենդիրեքը հայտնեց, որ հայկական հարցի վերաբերյալ տարիներ ի վեր որևէ հստակ զարգացում չկա, և ստեղծված անորոշության պատճառով նյարդերն արդեն տեղի են տալի, այնուհետև շարունակեց. «Այժմ այստեղից ձեր միջոցով ցանկանում եմ ձայնս լսելի դարձնել թուրք և հայ իրավասուներին: Վերջին 7 տարվա ընթացքում հայկական հարցը ուսումնասիրելու համար շրջել եմ բոլոր գրադարանները, այն բոլոր գրանցումներում, որոնք կարողացել եմ ձեռք բերել, ո’չ ինձ և ո’չ էլ ընտանիքիս պատկանող որևէ փաստաթուղթ չեմ գտել: Սակայն դեռևս չեմ կարողացել հանգստանալ, որովհետև գիտեմ, որ այս ամենը վերջում իմ գլխին է ջարդվելու: Արդյունքում՝ Թուրքիան վիթխարի պետություն է, ինչ վերաբերում է Հայաստանին, նրա մեջքն էլ շտկվել է, Ամերիկային, ըստ էության, ոչինչ չի պատահի: Բոլորն իրենց մի կերպ կպաշտպանեն, նորից ինձ հետ կլինի այն, ինչ լինելու է: Թոշակովս գնած տուն և փոքրիկ հողակտոր ունեմ, երբ հող պահանջեն, ձեռքիցս կվերցնեն: Ես գլխիս գալիքը գիտեմ»:
Երկխոսության նախաձեռնությունները մնացին առանց արդյունքի
Շենդիրեքը ավելացրեց, որ թեմայի վերաբերյալ հայ, ամերիկացի և թուրք իրավասուների հետ կապ հաստատելու ջանքեր է գործադրել, սակայն մինչ այսօր որևէ դրական արդյունքի չի հասել և ուշադրություն հրավիրելով անարդյունք երկխոսության ջանքերին` ասաց. «Քանի անգամ զանգահարեցի Ամերիկայի Արտակարգ և լիազոր դեսպանատուն, մեր Արտգործնախարարությանը, Հայաստանի Արտգործնախարարությանը, սակայն, ցավոք, նույնիսկ մի զրոցակից չկարողացա գտնել: Ցավոք, կողմերը հեռու են հարցին կառուցողական մոտեցում ցուցաբերելուց: Չկարգավորվածությունը ջանում են ներկայացնել կարգավորման նման»:
Շենդիրեքը հարցի կարգավորման համար նախ և առաջ թուրք իրավասուներից խնդրում է, որ իրեն համար բացեն օսմանյան պահոցները: Շենդիրեքը նշելով, որ չի կարող հանգստանալ՝ մինչև ամեն ինչ պարզ չդառնա, ասաց. «Կարծում եմ, որ երբ պահոցները բացվեն, ամբողջովին մաքուր դուրս կգանք: Մինչև այսօր հաճախ մեզ ասել են, որ այդպես է լինելու: Եթե հարգելի պետական այրերը կարողանան ինձ տալ ֆոտոպատճենը (թեկուզ պատճենը), իրոք շատ հաճելի կլինի: Նույնիսկ եթե դժվար է, ես կարող եմ գալ և վերցնել: Արդեն բավական է. թող ասեն, թե ուր դիմեմ: Թոշակառու մարդ եմ, ժամանակ շատ ունեմ, նաև կզբաղվեմ»:
Պարզաբանումների վերջում արդարացի դատական գործի հանդեպ հատկապես ազգային մամուլի ցուցաբերած անտարբեր վերաբերմունքից բողոքելով` Շենդիրեքը ասուլիսին մասնակցած միակ թղթակցին շնորհակալություն հայտնեց և եզրափակեց ասուլիսը:
Ըստ Akunq.net-ի

No comments: