Thursday, January 20, 2011

Ֆաթուլլաև. Ադրբեջանում կալանավորները ստրուկների կարգավիճակում են

Panorama.am. 20-1-2011- Ազատազրկման մեջ գտնվող լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը դիմել է իրավապաշտպաններին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ազատազրկման վայրերում կալանավորների նկատմամբ իրականացվող ոչ մարդկային վերաբերմունքին:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մի երկրում, որտեղ բռնապետական կարգեր են ու անօրինականություններ են տիրում, դատավորների դատավճիռները կեղծված են, ազատազրկման ենթարկվածները զրկված են քաղաքակիրթ, ժամանակակից պատժի կանոներից»,- նշել է լրագրողը՝ ընդգծելով, որ ադրբեջանական բանտերում մարդիկ ստրուկի կարգավիճակ ունեն:
Նա նշել է, որ ստեղծվում են մի շարք խորհուրդներ, որոնք մոնիթորինգ են անցկացնում կալանավայրերում, սակայն այդ աշխատանքը ձևական բնույթ է կրում, քանի որ նրանք, ըստ էության, իշխանության դիրքորոշումն են արտահայտում:
Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականին, Ֆաթուլլաևը Խոջալուի դեպքերի վերաբերյալ, զրպարտություններ կատարելու մեղադրանքով, Յասամալի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման: Սակայն հետագայում իշխանությունները դրանով չէին սահամանփակվել և ևս մեկ շինծու մեղադրանքի հիման վրա դատապարտել 8.5 տարվա ազատազրկման:
2010 թվականի ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների գործողությունները համարվեցին անօրինական: Ինչից հետո, դատարանը կոչ արեց՝ լրագրողին անհապաղ ազատ արձակել: Սակայն ադրբեջանական իշխանությունները, հաշվի չառնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև մի շարք երկրների, միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների հորդորները, հակառակ քայլերի գնացին:
Իսկ սրանից գրեթե կես տարի առաջ, 2009 թվականի դեկտեմբերի 29-ին, խցում, որտեղ պահվում էր «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիրը՝ Էյնուլա ֆաթուլաևը, ստուգումներ իրականացվեցին, ինչի արդյունքում Ֆաթուլաևի կոշիկի և հագուստի մեջ թմրանյութեր «հայտնաբերվեցին»: Դեռևս այդ ժամանակ լրագրողը հայտարարել է, որ դա իրենը չէ, և իր նկատմամբ հաշեհարդար են տեսնում:
Չնայած այդ հանգամանքին, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե Ֆաթուլաևի նկատմամբ շինծու գործ է հարուցվել, որով իշխանությունները ցանկանում են կրկին երկարացնել Ֆաթուլաևին ազատազրկման վայրում պահելու ժամկետը:
Հատկանշականն այն է, որ Ֆաթուլաևի գործով դատավճիռը կայացվեց ու հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Եվ դա այն դեպքում, որ Հիլարի Քլինթոնը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել և հորդորել էր վերանայել բլոգերներին ու լրագրողներին հանիրավի դատապարտելու որոշումները:
Սեպտեմբերին Ադրբեջանի և ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիևի ու Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ ևս ԱՄՆ նախագահը խոսելով Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահին կոչ է արել՝ լրագրողին ազատ արձակել:

No comments: