Thursday, January 20, 2011

PKK-ի վերաբերյալ գաղտնի համաձայնություն՝ Թուրքիայի և Սիրիայի միջև

HayNews.am. 20-1-2011- Թուրքիան և Սիրիան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) վերաբերյալ գաղտնի պայմանագիր են կնքել, փոխանցում է թուրքական Aksam-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայում խմբագրվող Intelligence Online կայքին:
Ըստ թուրք-սիրիական պայմանագրի, Դամասկոսը պարտավորվում է 4 հազար PKK-ականներին իր մոտ ապաստան տալ, նրանց ներում շնորհել և ինտեգրել հասարակությանը:
Գաղտնի պայմանագիրը ստորագրվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Նաջի ալ Օթրիի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Պայմանագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Սիրիայի քաղաքական անվտանգության հարցերով խորհրդական Մուհամմեդ Դիբ Զիթունին և Թուրքիայի Զինված ուժերի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիսի-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող մոտ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական են համարում աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: