Thursday, February 3, 2011

1998-Ի ՆԱԽԱԴԵՊԸ

«Լրագիր» 3-2-2011 - 13 տարի առաջ` փետրվարի 3-ին, հրաժարական տվեց անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ցավոք, դա անկախ Հայաստանի 20-ամյա պատմության դեռեւս միակ հրաժարականն է, թեեւ հաջորդ երկու նախագահների պարագայում էլ կարծես թե հրաժարականի նախադրյալները քիչ չէին եւ չեն:
1998 թվականի փետրվարի 3-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի այսպես ասած “պաշտոնական” բացատրությունը Ղարաբաղի խնդիրն էր: Ըստ տարածված տեսակետի, Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եռյակը Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրեց, դժգոհ լինելով Ղարաբաղի հարցում նրա մոտեցումից:
Դատելով այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձություններից, այդ ամենը թերեւս իսկապես այդպես էր: Սակայն հետագա տարիներին, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, երբ սպանվեց Վազգեն Սարգսյանը, ավելի ու ավելի շատ սկսեցին հնչել կարծիքներ, որ Ղարաբաղի հարցն ընդամենը առիթ էր Տեր-Պետրոսյանին հեռացնելու համար, որը օգտագործեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մոլորեցնելով եւ իրենց կողմը գրավելով Վազգեն Սարգսյանին:

Թե ինչ էր 1998 թվականն իրականում, երեւի թե դեռ երկար ժամանակ լայն հասարակության համար կմնա անորոշ եւ անհայտ: Թերեւս անկասկած է, որ այդ օրերին եղել են բազմաթիվ նրբերանգներ, որոնց տիրապետող անձանց շրջանակը բավական նեղ է, եւ այդ անձինք էլ բավական լուռ են այդ կապակցությամբ: Իսկ քանի դեռ ամեն ինչ չէ, որ հայտնի է, եւ քանի դեռ շատ բան կառուցվելու է ընդամենը եղած հայտնիից բխող ենթադրությունների հիման վրա, դեռ երկար ժամանակ կլինի այնպես, որ 1998 թվականի իրադարձությունների մեջ շատերը կփորձեն տեսնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասունության վկայությունը, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խորամանկության արտահայտությունը, Վազգեն Սարգսյանի միամտության դրսեւորումը:

Այդ ամենում սակայն երեւի թե իշխողը էմոցիաներն են` անձնական վերաբերմունքը գործող անձանց հանդեպ: Ընդ որում, այդ ամենի զգալի մասը գուցե օբյեկտիվ է: Սակայն 1998 թվականի իրադարձություններn ունեն նաեւ լուրջ քաղաքական եւ քաղաքագիտական վերլուծության կարիք, քանի որ դրանք փաստացի եզակի իրադարձություն են Հայաստանի նորանկախ հանրապետության քաղաքական կյանքում, եւ այդ իրադարձությունը հասկանալը թերեւս կարող է բավական օգտակար լինել քաղաքական հետագա զարգացումները, ինչպես նաեւ գալիք զարգացումները հասկանալու, քիչ թե շատ արդյունավետ կանխատեսումներ անելու համար:

Այլապես, 1998 թվականի առավելապես էմոցիոնալ մեկնաբանությունները եւ ենթադրությունները կարող են ընդամենը խանգարող հանգամանք լինել ոչ միայն այդ ժամանակ տեղի ունեցածը հասկանալու, այլ նաեւ հետագա իրավիճակները եւ գալիք հնարավոր զարգացումները պատկերացնելու համար:

Ի վերջո, 1998-ի իրադարձությունը հանգուցային էր Հայաստանի նորանկախ պատմության մեջ թերեւս նրանով, որ այդ իրադարձությունները շրջադարձային էին Հայաստանում իշխանության կառուցվածքի բյուրեղացման առումով: Դրանով փաստացի կնքվեց, բյուրեղացավ այն, ինչը արմատավորվել էր 1995-96 թվականների ընտրական փուլից: Դրանով ակնհայտորեն դրսեւորվեց այն պարզ ճշմարտությունը, որ կեղծիքով, հակառակ հասարակության կամքի ձեւավորված իշխանությունն ունի ինքնախժռման անկանխատեսելի հատկություն, որի պարագայում չկան երաշխավորված “զոհեր”, քանի որ այդ համակարգի բոլոր մասնակիցներն էլ դառնում են պոտենցիալ “զոհ”: Իսկ երբ, ինչ, ինչպես եւ ումով, դա արդեն ըստ իրադրության, տեսակի եւ ունակությունների:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: