Tert.am. 8-2-2011- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ երկրում առկա կոռուպցիայի երևույթին՝ նկատելով, որ «Հանրապետական» կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանրապետության գործող նախագահն առաջին անգամ երկրի առաջընթացի խոչընդոտ հայտարարեց կաշառակերությունը` որպես նորություն:Բախշյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հիշեցնեմ, որ անցած 19 տարիների ընթացքում գործող իշխանություններին կաշառակերության մեջ մեղադրել են այդ տարիներին իրենց ընդդիմություն հայտարարած տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ուժեր, որոնք փոխնիփոխ եղել են իշխանություն: Տարիներ շարունակ իրար մեղադրելով նույն մեղքերի մեջ` իշխած և իշխող քաղաքական ուժերն էլ մի օր պետք է հայ ժողովրդին պատասխան տան այսօրվա դաժան իրականության` սոցիալական ծանրագույն, անմարդկային պայմանների, Արցախի խնդրի և արտաքին քաղաքականության շարունակական ձախողումների, մենաշնորհային հրեշավոր տնտեսության և տարեցտարի Հայաստանի միջազգային վարկանիշը տարբեր առումներով գցելու համար:
Իմանալով հասարակության մեջ մեր քաղաքական իշխանության, կոալիցիայի վստահության նվազ պաշարի մասին` 2007թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգությունն» առաջարկեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը վերապահել ընդդիմությանը, չընդունվեց: Ինչի՞ց է վախենում իշխանությունը` չընդունելով այս առաջարկները, եթե իսկապես ուզում է պայքարել պետությունը կործանող այդ երևույթների դեմ:
Բոլորիս համար ակնհայտ են նման սին հայտարարությունների և իրականության անհամապատասխանությունը` կաշառակերությունն ու կոռուպցիան ծնվում է իշխանական վերնախավում և կոծկվում` նույն իշխանության վերնախավի կողմից, որովհետև նպատակը ոչ թե դրանք վերացնելն է, այլ ամեն գնով վերարտադրվելը: Անթույլատրելի է նախագծել նոր մարտի մեկեր: Ժամանակն է իրականությանն արձագանքել իրական բարեփոխումներով և ոչ թե որևէ վստահություն չներշնչող հայտարարություններով»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment