Wednesday, February 9, 2011

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ»-ԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ` ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՐԱՆԱԿԱՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ»

«ԱԶԳ», 09-02-2011- Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի եւ երկաթուղու զարգացման առնչությամբ քննարկումը Թեհրանում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ավարտվել է երեկ համագործակցության փաստաթղթի ստորագրմամբ:
IRINN հեռուստաալիքի էլեկտրոնային կայքէջը տեղեկացնում է, որ ստորագրված փաստաթղթերից մեկն է եռակողմ, մյուս երկուսը վերաբերում են Իրան-Ադրբեջան եւ Իրան-Ռուսաստան ձեւաչափերին:
Եռակողմ համաձայնագրով նախատեսվում է արագացնել հարավային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման գործընթացը այն դեպքում, երբ Իրան-Ռուսաստան համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն երկաթգծերի շինարարության եւ տեխնիկական սպասարկման ոլորտում: Իսկ Իրան-Ադրբեջան համաձայնագիրը վերաբերում է «համագործակցությանը երկաթգծային նախագծերի իրականացման գործում»:
Ներկայումս հյուսիսից հարավ ուղղությամբ բեռնափոխադրումներն այս երեք երկրների միջեւ իրականացվում են ջրային ճանապարհով` մինչեւ 45 օր ժամկետների պարագայում այն դեպքում, երբ երկաթգծի պատրաստ լինելով այդ ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչեւ 25 օր:

No comments: