Wednesday, February 2, 2011

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՄՈՒԿՆՈՒԿԱՏՈՒՆ

«Լրագիր» 2-2-2011- Բելառուսի նախագահի ընտրությունից հետո Արեւմուտքի կոշտ արձագանքը Հայաստանում շատերի մոտ առաջացրեց արդարացի հարց, թե ինչու Արեւմուտքը Բելառուսի հանդեպ կիրառում է կոշտ դիրքորոշում եւ պատժամիջոցներ, իսկ Հայաստանի հանդեպ, որտեղ նախագահի ընտրությունից հետո նույն կերպ բռնի ուժով ճնշեցին ընդդիմության բողոքը եւ նույնիսկ ի տարբերություն Բելառուսի մարդ սպանեցին, Արեւմուտքը ցուցաբերեց մեղմ դիրքորոշում:
Հարցն իսկապես արդարացի է: Բայց ժամանակն է, որ այդօրինակ արդարացի հարցերն այլեւս դադարեն զբաղեցնել Հայաստանի հասարակության միտքը: Դա արդարացի չէ սեփական մտավոր ռեսուրսների եւ էներգիայի տնօրինման տեսակետից: Պետք է որ բոլորի համար էլ վաղուց ակնհայտ դարձած լինի, որ Արեւմուտքը հետապնդում է իր քաղաքական շահը: Ժողովրդավարություն, իրավունք եւ այդօրինակ հասկացություններն Արեւմուտքի համար իր շահը սպասարկելու միջոց են:

Իսկ Բելառուսում եւ Հայաստանում Արեւմուտքի շահերը տարբեր են: Դրա համար էլ տարբեր են մոտեցումները Բելառուսի եւ Հայաստանի նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ: Այդտեղ գուցե շատ անարդարացի բան կա, իսկ շատերն էլ նույնիսկ կարող են անբարո բան նկատել, որ համամարդկային արժեքները դառնում են “երկակի ստանդարտի” զոհ եւ աշխարհաքաղաքականության գործիք:

Բայց կա նաեւ այդ պատկերի հակառակ կողմը: Որքան էլ արդարացի է Հայաստանի իշխանության անիրավությունների եւ հակաժողովրդավարական գործողությունների հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքից Հայաստանի հասարակության դժգոհությունը, այդուհանդերձ ամեն ինչ չէ, որ միարժեք է: Կա մի քանի պարագա, որոնք թերեւս այլ լույս են սփռում առկա իրավիճակի վրա:

Նախ, պատկերացնենք մի պահ, որ Հայաստանի հանդեպ Արեւմուտքը ցուցաբերում է նույն կոշտ դիրքորոշումը, ինչ որ Բելառուսի հանդեպ: Պարզ է, որ Հայաստանի իշխանությունը դրան արձագանքելու է ոչ թե վայրկյանական ժողովրդավարացմամբ, այլ Ռուսաստանում փրկություն որոնելով: Իսկ եթե Բելառուսի դեպքում Լուկաշենկոն ունի քիչ թե շատ սուվերենություն պահպանելու եւ Ռուսաստանի հետ քիչ թե շատ նպաստավոր առեւտուր անելու ռեսուրս, ապա Հայաստանի իշխանության դեպքում վերջին տասնամյակում այդ ռեսուրսը մսխվել է իսպառ: Հայաստանն ընդհամենը կարող է վերածվել Ռուսաստանի լիակատար ծայրագավառի: Իսկ դա նշանակում է, որ այդ լիակատար ենթակայության դիմաց Հայաստանի իշխանությունը ստանալու է Հայաստանում իր մրցակիցների դեմ գործողությունների լիակատար ազատության իրավունք:

Օրինակ, եթե այժմ Հայաստանի իշխանությունը քիչ թե շատ փորձում է գոնե ձեւի համար հաշվի առնել հանրային կարծիքը, եթե ինչ որ առումով փորձում է Արեւմուտքի պահանջները կատարել իր համար անվնաս չափով, եթե կարող է ասենք Արեւմուտքի հետ հարաբերության ինչ-ինչ ասպեկտներից ելնելով գնալ քաղբանտարկյալների թեկուզ դանդաղ, թեկուզ ոչ լրիվ ազատ արձակման, ապա Արեւմուտքի հետ խաղի վերջնականապես դադարեցնելու եւ Ռուսաստանին վերջնականապես ու անդառնալիորեն տրվելուց հետո Հայաստանի իշխանությունն այստեղ բանտ կնստեցնի ցանկացած մեկին, ով կհամարձակվի ոչ միայն գործել, այլ նույնիսկ մտածել եւ երազել իշխանությանը հակառակ:

Շատերը կարող են համարել, թե այդ հեռանկարը չափազանցություն է, թե Ռուսաստանն օրինակ ինքն է այժմ ստիպված փորձում Արեւմուտքի հետ արդիականացում եւ ժողովրդավարացում խաղալ: Իրականում դա ոչ թե Ռուսաստանն է ստիպված փորձում, այլ ՌԴ նախագահ դառնալու ցանկություն ունեցող Մեդվեդեւը: Եվ դրանից բացի, Ռուսաստանն ինքը կարող է ժողովրդավար դառնալ, բայց Ռուսաստանի ծայրագավառ Հայաստանը նա կթողնի ծայրահեղ ավտորիտարիզմի եւ ամբողջատիրության մեջ` ռազմավարական նկատառումներից ելնելով: Իսկ Արեւմուտքն էլ մեծագույն սիրով կհանդուրժի դա, քանի որ ի վերջո Արեւմուտքի համար կարեւորն այն է, որ Ռուսաստանը իր հետ խաղա իր նախընտրած խաղի կանոններով, իսկ թե ինչ կանոններով ռուսերը կխաղան իրենց ծայրագավառների հետ, Արեւմուտքի համար արդեն կլինի երկրորդական:

Բայց քանի որ Արեւմուտքը մեծ հաշվով հավատ եւ վստահություն չունի Ռուսաստանի ժողովրդավարական հեռանկարի հանդեպ, այժմ փորձում է գոնե այդպիսի հեռանկարի շանս ապահովել նրա ծայրագավառներում: Դրա համար էլ գերադասում են Հայաստանի հանդեպ կտրուկ գործողություններով այդ հեռանկարը թաղելու փոխարեն այն վառ պահել մուկնուկատու խաղալու տարբերակով: Իհարկե, դա լավագույն տարբերակը չէ, իհարկե դա ինչ որ առումով նույնիսկ երես է տալիս Հայաստանի իշխանությանը: Բայց այդ տված երեսն անհամեմատ ավելի քիչ է, քան այն, ինչ կտա Ռուսաստանը, եթե Հայաստանն անվերապահ օժանդակություն հայցի միայն Մոսկվայում, երես թեքելով օրինակ Վաշինգտոնից կամ Բրյուսելից:

Արեւմուտքի մուկնուկատու խաղի մեկ այլ հանգամանք է նաեւ այն, որ Հայաստանի հասարակության մեջ այդուհանդերձ դեռ վառ է հակաարեւմտականությունը: Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամանության համար Արեւմուտքը ընկալվում է որպես խորամանկ մեկը, ով երբեք լավ բան չի անի Հայաստանի համար եւ նույնիսկ եթե այսօր լավ բան տա, վաղն անպայման վերցնելու է ավելի շատ, եւ իրավիճակը դառնալու է ավելի վատ: Հայաստանում “ռսի լիս ոտը” դեռեւս “օրհնվում” է հանրային մեծամասնության կամ գիտակցության, կամ ենթագիտակցության շրջանակներում: Միտումն իհարկե դեպի դրանից ձերբազատումն է, սակայն դեռ շատ կա որոշակի դրական հաշվեկշռի հասնելուն:

Որքան էլ իռացիոնալ է հանրային այդ ընկալումը, որքան էլ այն հիմնված է միայն նախապաշարումների վրա, միեւնույն է` Արեւմուտքում չեն կարող դա հաշվի չառնել: Բանն այն է, որ հանրային այդ գերակշիռ մտայնության պարագայում Հայաստանի իշխանության վրա գործադրված ճնշումը կարող է դաշնակցություն ձեւավորել հասարակության եւ իշխանության միջեւ: Օրինակ, երբ որեւէ ճնշում է արձանագրվում Արեւմուտքից, իշխանությունն անմիջապես փորձում է հասարակությանը ներկայացնել, թե այնտեղ պարզապես Ղարաբաղ են ուզում մեզանից, դրա համար էլ մեզ ճնշում են իրենց հնարած ժողովրդավարությամբ:

Դժբախտաբար, նույն մտայնությունը պարբերաբար տարածում է նաեւ ընդդիմությունը: Օրինակ, երբ ընդդիմությունը հայտարարում է, որ ներքին կյանքում ճնշումն իշխանության վրա թուլացնում է, որ դա Արեւմուտքը չօգտագործի Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու համար, հանրային ընկալման մեջ դա նույնպես նստում է այն թանձրույթով, որ ժողովրդավարություն ասվածն Արեւմուտքի համար ընդամենը Ղարաբաղի հարցում զիջում կորզելու միջոց է:

Հանրային այդօրինակ ընկալման պարագայում ժողովրդավարության առումով ավելի կտրուկ գործողությունները Հայաստանում ընդամենը հասարակական լեգիտիմություն են ապահովելու դեպի Ռուսաստան Հայաստանի իշխանության կատարած վասալական “բլից կրիգին”:

Իսկ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանի հանրային, քաղաքացիական, փորձագիտական էներգիան ուղղվի ոչ թե ժողովրդավարության հարցում Հայաստանի քաղաքացիներին բավարար աջակցություն չցուցաբերելու համար Արեւմուտքին նախատելուն, այլ այդ խնդրում Հայաստանի ներքին ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացիայի ուղիների քննարկմանը: Ի վերջո, Արեւմուտքի դիրքորոշումն ու կողմնորոշումն անխուսափելիորեն փոխվելու է երկրի ներսում ստատուս-քվոյի փոփոխությանը զուգահեռ, եւ Արեւմուտքն աներկբա արձագանքելու է ուժերի հավասարակշռության որեւէ առարկայական փոփոխության: Իսկ այդպիսի վիճակում էլ եթե չարձագանքի, դա արդեն կլինի Արեւմուտքի, ոչ թե Հայաստանի հասարակության խնդիրը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: