Friday, February 18, 2011

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Դրանք, հակառակ փորձագետների ենթադրություններին, ծայր են առել ոչ թե Բաքվումՙ այլ շրջաններում
«ԱԶԳ», 18-02-2011- Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա վարչակարգի մասին «ՎիքիԼիքսի» բացահայտումները լայն արձագանք էին գտել Ադրբեջանումՙ խթանելով իշխանությունների նկատմամբ ժողովրդական զանգվածների զայրույթը: Այն աստիճանի, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը, որի ազդեցությունը, ինչպես փետրվարի 10-ի համարում գրել է թուրքական «Դունյա բուլթենի» կայքէջը, ավելի մեծ է իշխանական համակարգում, քան երկրի վարչապետինը, երկրում կոռուպցիայի տարածման առնչությամբ հրապարակավ մտահոգություն է հայտնել եւ քննադատել է Իլհամի վարչակարգին: Այսինքնՙ նա դիմել է «ինքնաքննադատության»:
«ՎիքիԼիքսի» բացահայտումներին հետեւեցին ժողովրդական զանգվածների հակակառավարական խռովությունները տարածաշրջանում: Դրանք էլ, դառնալով մտահոգության աղբյուր ադրբեջանական իշխանությունների համար, ստիպել են նրանց, որ աշխուժացնեն հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքները: Ավելին, հանձնաժողովի նախագահ Ռամիզ Մեհդիեւը, որը Իլհամի աշխատակազմի ղեկավարն է նաեւ, երկրում կաշառակերությունը արմատախիլ անելու հրահանգ է տվել նախարարներին եւ մարզպետներին, որոնցից ոմանք եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ կարգադրության համապատասխան ազատվել են զբաղեցրած պաշտոններիցՙ չգրգռելու համար ժողովրդական զանգվածների զայրույթը:
Մեհդիեւին հետեւել է նախագահ Իլհամ Ալիեւը: Նա, նկատի առնելով ժողովրդական զանգվածների շրջաններում ծայր առած խռովությունները, կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարելու խոստումներով սկսել է այցելել շրջաններ: Ադրբեջանում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ կիրառվող միջոցառումները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պայմանավորվում են իշխանությունների այն խուճապով, որը նրանց պատճառել են Թունիսի եւ Եգիպտոսի հակակառավարական խռովությունները:
Ըստ երեւույթին, ո'չ արտակարգ իրավիճակների նախարար Հեյդարովի «ինքնաքննադատությունը», ո'չ հակակոռուպցիոն հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ո'չ էլ նախագահ Ալիեւի խոստումները ի զորու չեն եղել մեղմելու երկրում բորբոքված կրքերը, որ հակառակ փորձագետների ենթադրություններին, հակակառավարական խռովությունները սկսել են ոչ թե մայրաքաղաք Բաքվում, այլ շրջաններում: Առաջինը փետրվարի 14-ին ընդվզել է Սաբիրաբադի բնակչությունը, որի հետեւանքով քաղաքապետը շուտափույթ լքել է քաղաքը, իսկ ոստիկանության պետը աջակցություն է խնդրել: Հարեւան շրջաններից Սաբիրաբադ գործուղված ոստիկանության ջոկատները, փակելով գյուղերի եւ գյուղաքաղաքների ելքումուտքը փորձել են կանխել խռովության տարածումը:
Համանման իրավիճակ առաջացել է նաեւ Հայաստանի սահմանամերձ Գյադաբեյ գավառում, որտեղ ընդդիմադիր թերթերի եւ «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, ոստիկանությունը պատժիչ գործողություններ է իրականացրել բնակչության դեմ: Ի նշան բողոքիՙ ինքնահրկիզման դիմած բնակիչը մահացել է: «Դունյա բուլթենին» նշում է, որ այս բնակիչը ինքնասպան է եղել ոստիկանատանը ենթարկված խոշտանգումների պատճառով, եւ այդպիսի միջադեպերը ամենեւին էլ նորություն չեն Գյադաբեյում:
Ադրբեջանական ընդդիմությունն այս խռովությունը վերագրում է Ադրբեջանի վրա տարածաշրջանում ընթացող ժողովրդական շարժումների թողած ազդեցությանը: Այդ ընթացքում ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարն ընդգծում է երկրում անհապաղ հակակառավարական համընդհանուր ցույցեր սկսելու անհրաժեշտությունը: Ընդդիմության ղեկավարները հանդիպում են կազմակերպում ճշտելու համար նախատեսվող ցույցերի ժամանակացույցը: Թերեւս դրանով էլ նրանք հասկացնում են, որ ցույցերը կարող են սկսել մարտին: Ինչպես «Դունյա բուլթենի» կայքէջն է նշում, այս ամենը հիմք է տալիս փորձագետներին ենթադրելու, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանում տեղի կունենան քաղաքական լուրջ փոփոխություններ:
Թե ինչպիսի՞ն կլինի այդ փոփոխությունների ընթացքը, ցույց կտա ժամանակը: Բայց որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը Բաքվում ահաբեկչական հնարավոր գործողության կազմակերպման առնչությամբ նախազգուշացրել են ադրբեջանական իշխանություններին, այնուհետեւ համանման նախազգուշացում արել է նաեւ Մեծ Բրիտանիան, եւ այս երկրները Ադրբեջանում բնակվող իրենց քաղաքացիներին պահանջել են «փողոց դուրս չգալ առանց խիստ անհրաժեշտության», իսկ փետրվարի 16-ին դադարեցվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանության գործունեությունը, ակնհայտ է:
ԱՄՆ-ի, Իսրայելի, ապա եւ Մեծ Բրիտանիայիՙ Բաքվում ահաբեկչական գործողության մասին նախազգուշացումներին, հակազդեցությամբ արձագանքել են ադրբեջանական իշխանությունները: Երկրում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին այդ նախազգուշացումները պայմանավորել է միջազգային ասպարեզում «հակաադրբեջանական» հասարակական կարծիք ձեւավորելու անգլո-ամերիկա-իսրայելական նկրտումներով: Իսկ Միլլի մեջլիսի անվտանգության ծառայության պետի տեղակալ Այդին Միրզազադեն ասել է, որ Բաքվում ահաբեկչության կազմակերպման հավանականության վերաբերյալ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում եւ որեւէ առնչություն չունեն հավատացյալ մահմեդականների վերջին շրջանում իրականացվող ձերբակալություններին:
Սա նշանակում է, որ Ադրբեջանում բացի կոռուպցիայից, կաշառակերությունից եւ սոցիալական անարդարությունից, առկա է նաեւ հավատացյալների համատարած ձերբակալությունը, որը իշխանություններից ժողովրդական զանգվածների դժգոհության մեկ այլ պատճառն է դարձել:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: