Tuesday, February 1, 2011

ՀԱՅԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՂ ԱԶԳԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒ՞Մ

«Ազգ» օրաթերթ, 01.02.11: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում հրապարակեց 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրված ժողովրդագրական հիմնական ցուցանիշները: 2010-ի ընթացքում արձանագրվել է 44810 կենդանի ծնունդ, 2009 թվականի համեմատությամբ այս ցուցանիշն ավելացել է շուրջ 1 տոկոսով: Մահացության ցուցանիշներում 2010-ին արձանագրվել է աճ, որը 2009-ի համեմատությամբ կազմել է 1,6 տոկոս: 2010-ին գրանցվել է 28800 մահվան դեպք, իսկ 2009-ին այդ ցուցանիշը 27560 էր: Համաձայն ծննդյան ու մահվան դեպքերի փոփոխության` բնակչության բնական հավելաճի ցուցանիշը չի փոփոխվել: Կարինե Կույումջյանն ասում է, որ Հայաստանում միշտ էլ ավելի շատ տղա երեխաներ են ծնվել, քան աղջիկներ: 2010-ին մեր երկրում ծնվել են 20924 աղջիկ երեխա եւ 23886 տղա երեխա: Կ. Կույումջյանը տեղին համարեց անդրադառնալ նաեւ անունների ցուցանիշներին: Անցյալ տարի աղջիկներին ավելի շատ կոչել են Մանե անունով` 923 երեխայի, այնուհետեւ նախապատվությունը տվել են Անի, Միլենա, Անահիտ անուններին: Իսկ տղաներին ավելի շատ կոչել են Նարեկ անունով` 1199 հոգու: Դրանից հետո նախապատվություն են տվել Դավիթ, Գոռ եւ Էրիկ անուններին:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ մարզերի կտրվածքով ծնելիության ցուցանիշը ցածր է միջին հանրապետական ցուցանիշից Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում: Իսկ մահացության ավելի բարձր ցուցանիշներն անցյալ տարի արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում: Կարինե Կույումջյանը նշեց, որ Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում բնական հավելաճը խիստ նվազ է: Անդրադառնալով մահացության պատճառներին` Կ. Կույումջյանը տեղեկացրեց, որ ավելացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, դժբախտ պատահարներից, վնասվածքներից, նորագոյացություններից ու թունավորումներից մահվան դեպքերը: 2009 թվականի համեմատությամբ` 2010-ին ավելացել են նաեւ ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի ցուցանիշները. 2010-ին արձանագրվել է 592 դեպք, մինչդեռ 2009-ին այդ թիվը 498 էր:
Անդրադառնալով անցյալ տարվա ամուսնությունների թվին` Կ. Կույումջյանը ասաց, որ 2010-ին գրանցվել է 17984 ամուսնություն, 2009-ին գրանցվել էր 18773 դեպք: Ամուսնությունների թիվը նվազել է, սակայն ավելացել է ամուսնալուծությունների ցուցանիշը, փոխանակ հակառակը տեղի ունենար: 2010-ին գրանցվել է ամուսնալուծության 2997 դեպք, իսկ 2009-ին` 2829:
Ինչ վերաբերում է միգրացիայի ցուցանիշներին, Կարինե Կույումջյանը նշեց, որ այդ թվերը ազգային վիճակագրական ծառայությունը ստանում է ոստիկանության անձնագրային բաժինների տվյալներով: Նա տեղեկացրեց, որ 2010-ին Հայաստան եկածների եւ այստեղից մեկնածների տարբերությունը կազմել է 4119 մարդ, այսինքնՙ ավելի շատ մեկնել են, քան ժամանել. մեկնել են 12013 հոգի, ժամանել` 7894-ը:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ միջազգային կառույցներում Հայաստանը համարվում է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող ազգ: Սոցիոլոգն ասում է, որ մենք կրճատվող ազգերի ցուցակում ենք, քանի որ կրճատվում է ամուսնությունների, ծնունդների թվաքանակը, եւ մեծանում է թոշակառուների թվաքանակը: Իր ծնելիության ցածր մակարդակով Հայաստանն արդեն հայտնվել է Կարմիր գրքում:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

No comments: