Tuesday, February 1, 2011

Ո՞Վ Է ԿԵՂԾ ԵՎ Ո՞Վ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ Ո՞Վ Է ԱՄԵՆԱԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգ» օրաթերթ, 01.02.11: Մինչ արաբական հեղափոխության քաոսը քիչ մնա խժռի իր զավակներին` սպառնալով քաոսի եւ անկառավարելիության վերածել ողջ արաբական աշխարհը, մերոնց ընդդիմադիր հատվածը զբաղված է ճշտելով, թե ո՞վ է իսկական ընդդիմությունը: Այս ճշտման նոր ռաունդը սկսեց «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, որ «Ազգի» հրավերին` անվանել իր բնորոշած կեղծ ընդդիմությանը, ի վերջո խուսափեց դա անելուց, բայց եւ թվեց հատկանիշները, որոնցով կարելի է գլխի ընկնել, թե ո՞վ է կեղծ ընդդիմությունը` այն ուժը, որ նախագահական ընտրություններին սատարել է նախագահին, կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, կառավարության գործելակերպին, իսկ հիմա այս բոլորին ճիշտ հակառակ պահվածք է որդեգրել: Սա անցած հինգշաբթի էր: Դրանից հետո պասը ստացավ եւ փոխանցեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը , ըստ որի կեղծ եւ իրական ընդդիմությունը կարելի է տարբերակել այդ ուժերի կազմակերպած հանրահավաքներով. երբ Երեւան բերող ճանապարհները փակվում են, հանրահավաքի ակտիվիստներին ձերբակալում կամ ընդհանրապես` ոստիկաններին հանում են ընդդիմության դեմ, այ հենց դա էլ իսկական ընդդիմությունն է (եթե դա այսօ՛ր ասեր Զուրաբյանը` պիտի ավելացներ, թե իսկական ընդդիմությունն այն է, ում «Ազատության» հրապարակը մերժում են տրամադրել` հանրահավաք անցկացնելու համար, քաղաքապետարանը փետրվարի 18-ի հանրահավաքի անցկացման համար մերժել է «Ազատության» հրապարակի տրամադրումը ՀԱԿ-ին): Դրան հետեւեց Տիգրան Կարապետյանի արձագանքը (ենթադրվում է, որ այս երկու քարերն էլ Կարապետիչի բոստանն են նետված). «Ո՞վ է ընդդիմություն. նա , ումից իշխանությունը խլե՞լ է ունեցվածքը, թե՞ նա, ով ներկայանում է ընդդիմություն, սակայն նրան պատկանող օբյեկտներն էլ ու բիզնեսը շարունակում են գործել», թափանցիկ ակնարկել է Կարապետիչը: Կարծում ենք` միմյանց վրա տակառ գլորելու այս գործընթացը դեռ կշարունակվի:
Իշխանական թեւում էլ անհանգիստ են` բոլորին շարունակում է տանջել այն միտքը, թե ե՞րբ ի հայտ կգա Ռոբերտ Քոչարյանը եւ ո՞ր ուժի թիկունքից: Ու երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երիտասարդական կուսակցության համագումարին ասաց, որ եթե Ռ. Քոչարյանը ուզենար քաղաքականություն վերադառնալ` ժամանակին կգլխավորեր ՀՀԿ-ն կամ կդառնար նրա պատվավոր նախագահը, սա բավական եղավ, որ իշխանական, ավելի շուտ` նրա ՀՀԿ-ական հատվածում ալեկոծում առաջանա: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Ծառուկյանին ուղերձեց, թե ավելի պարզ ասա մտքինդ, թե չէ` «հետագայում ուրիշ խորհուրդներ կտանք»: Այս ասելուց հետո Զոհրաբյանը մեղմվել եւ բացատրել է, թե Քոչարյանի հետ ՀՀԿ-ի համագործակցության 10 տարվա ընթացքում վերջինս երբեք ցանկություն չի հայտնել գլխավորելու ՀՀԿ-ն, Քոչարյանն էլ ինքը կարող է իր ցանկությունների մասին հայտնել: Շարունակելով իր գործընկերոջը` երեկ արտահայտվել է նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն անգամ կոռեկտության կոչ է արել Ծառուկյանին` այդպիսի հայտարարությունները կառուցողական չհամարելով եւ ԲՀԿ-ի երեսով տալով, թե ՀՀԿ-ն երբեք այդպիսի թեական-պայմանական հայտարարություններ չի արել ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի վերաբերյալ: Այս բոլորի ֆոնին հետաքրքրական են այն նոր միացումները, որոնք կան ՀՀԿ եւ ԲՀԿ ուղղությամբ, կարծես այս երկուսը մրցում են, թե ո՞վ ավելի քանակ կապահովի: Հունվարի 29-ին Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը որոշեց ընդգրկվել ԲՀԿ-ում, հունվարի 28-ին մի նոր կուսակցություն էր ստեղծել նախկին ՀՀԿ-ական Սիմոն Ղոնաղչյանը` հավանաբար կամ ՀՀԿ-ին կսատարի առաջիկայում, կամ... ով գիտե, իսկ երեկ տարածված հայտարարության մեջ համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնն իր ընդլայնված ժողովում որոշել է ՀՀԿ շարքերը համալրել` շարժման «բազմահազար անդամներով»:
Հետաքրքրական է, որ երեկ բավական աշխուժություն էր առաջացրել այն լուրը, որ նախագահ Սարգսյանը սահմանադրության փոփոխությամբ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է դարձնել երկպալատ` սփյուռքի ներկայացուցիչներին եւս ընդգրկելով այնտեղ` այդպիսով սփյուռքի հայությանը եւս դարձնելով Հայաստանի կառավարման մասնակից: Չնայած երկպալատ խորհրդարանի մասին խոսակցություններ տարբեր պատգամավորներ զրույցների մակարդակով բարձրաձայնել են, սակայն` ա՛յլ ընդգրկումով եւ ա՛յլ նպատակներով, իսկ սփյուռքն ընդգրկելու խոսակցությունը երբեք ռեալ չի համարվել, քանի որ նախ` մեր սահմանադրությունն, իրոք, ոչ Հայաստանի քաղաքացիներին ընտրվել չի թույլատրում, հետո` բազմաթիվ շահեր խաչաձեւող մեր տարածաշրջանում եւ մեր երկրում հատկապես այդպիսի քայլը լրացուցիչ վտանգներ կստեղծեր Հայաստանի համար` երբեք չես իմանա, ի վերջո, թե այդպիսի պատուհանից, ի թիվս հայրենանվեր մարդկանց, ո՞վ ներս կանցնի, չի՞ կարող այդպես վարվել որեւէ այլ երկրի մի Աննա Չապման: Բայց ամենից հետաքրքրականն այն է, որ այսպիսի լուրը լսում ես ոչ թե խորհրդարանական շրջանակներից, այլ` Կալիֆոռնիայում գտնվող մեր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, ով այս միտքը հայտնել է մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: Պատկերացրեք, թե որքան շոյիչ է մեր հայրենակիցների համար` լսելու, որ իրենք կամ իրենց ներկայացուցիչները ապագայում կարող են հայտնվել Հայոց խորհրդարանի վերին պալատում, եւ որքան նրանք դեպի Հայաստանն ու նրա նախագահը կտրամադրվեն այդպիսի գաղափարի շոշափելի դառնալով: Եթե վարկանիշային խնդիր է լուծվում` որոշ ժամանակ տասին կարող է խփել այդպիսի լուրի շրջանառումը, բայց գործնականում դա հազիվ թե մարմին ստացող գաղափար է եւ կարող է շուռ գալ իրեն ծնողի դեմ:
Ու մինչ արաբական աշխարհը համաճարակի նման արագ բռնկվում է ամեն ինչ կործանող քաոսով, ինչն այդ երկրները զարգացման առումով հետ է շպրտելու տասնյակ տարիներով (դա տվյալ արաբական երկրները տասնյակ տարիներով բռնապետած ղեկավարների խղճին է` հանգիստ ու առանց իրենց երկրները քանդելու կհանձնեին իշխանությունն ու կգնային, ու չէին ուզենա արաբական բարքերով իրենց արմատական ղեկավարումը ժառանգություն թողնել իրենց սիրասուն զավակներին), ու մինչ վիրահատական թերապիա են աշխատեցնում հեղափոխությունների ճարտարապետները, որոնք սակայն կարող են կորցնել վերահսկողությունը բազմադեմ արաբական աշխարհում, մերոնք բոլորը բարձրաձայնում են, թե արաբական տարբերակը Հայաստանում ընդհանրապես հազիվ թե դիտարկվի, ու նույն` ամենահաս Շարմազանովը հսկա տարբերություն է տեսնում. մեզ մոտ խնդիրները սոցիալական են` Եգիպտոսում արժեքային համակարգի եւ աշխարհաքաղաքական զարգացման արդյունք: Բայց «սոցիալական բունտի» մասին դատողությունները վերջին օրերին, այնուամենայնիվ, մերոնցից շրջանառողներ կան, եւ չարժե ընդհանրապես միամտվել: Չնայած` մենք էլ պակաս խնդիրներ չունենք, փաստորեն, հենց թեկուզ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացումը, որ փաստորեն Մինսկի խմբի ֆորմատից դուրս Չավուշօղլուի հաջողեցրած դեռ միակ կառույցն է լինելու, որի առումով մերոնք դեռեւս դիրքորոշում պետք է որդեգրեն: Ասել, որ դա մեզ գլխացավանք չի պատճառելու, թերեւս ճիշտ չէ, չասել, որ Չավուշօղլուի մտադրությունն ակնհայտ էր ամիսներ առաջ, ու մերոնք դրա դեմն առնել չկարողացան` էլի ճիշտ չէ: Օրինակ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը կարծում էր, թե ԵԽԽՎ-ում այդ ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կրում է քաղաքական մեծամասնությունը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: