Tert.am. 7-2-2011- Հայաստանում է Թուրքիայում գործող Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց դերսիմահայերի պատմությունը, որոնք թուրքական յաթաղանից փրկվելու համար միավորվել են ալևիների հետ ու ապաստանել Դերսիմ կոչվող բարձրադիր վայրում:«Դերսիմը երեք կողմերից շրջապատված է լեռներով, և այդ բարձունքների վրա կառուցված վանքերում են պահվել հայերի ունեցած հարստությունները: Օսմանները փորձել են ներխուժել Դերսիմ ու կոտորել հայերին, բայց ալևիները երբեք չխախտեցին իրենց խոստումը ու հայերին չմատնեցին»,- ասաց Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:
Բանախոսի խոսքերով` սա հարյուրամյա խնդիր է, ու պետք է պատմությունը լավ իմանալ` դերսիմահայերին հասկանալու համար:
Միհրան Փրկիչ Գյուլթեքինը առաջին անգամ է Հայաստանում: Նրա այցի նպատակն է Հայաստանի հայությանը ծանոթացնել իրենց կազմակերպության ծրագրերին, որն է Դերսիմի հայերի շրջանում հայկականության, ինքնության վերականգնումը, մշակութային հարստությանը տեր կանգնելն ու հայոց լեզուն սովորելը:
Բանախոսը դժվարացավ նշել, թե քանի հայ կա Դերսիմում, սակայն նշեց, որ գյուղերի 75 տոկոսը հայաբնակ են:
«Երբ խոսում ենք մարդկանց հետ, խոստովանում են, որ հայ են, սակայն վախենում են ինձ պես դիմել դատարան, վերականգնել ազգությունն ու կրոնափոխ լինել»,- ասաց բանախոսը:
Միհրան Փրկիչ Գյուլթեքինը այս հանգամանքը բացատրում է վախի զգացումի առկայությամբ:
«Այսօրվա իշխանություններից վտանգ չկա, բայց մարդիկ վախենում են, թե կարող են վերադառնալ անցյալի իշխանությունները, ու պատմությունը կկրկնվի»,- ասաց բանախոսը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment