Tuesday, February 15, 2011

ԻՍԿ ԱՊՐԵԼԸ ՀԱՅԵՐԻՆ ՍԱԶՈ՞ՒՄ Է

«Լրագիր» 15-2-2011- Այն, որ Հայաստանի հեռուստաընկերությունները վաղուց ի վեր դարձել են Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման արգելակ, թերեւս անվիճելի է: Հեռուստաեթերը լցված է պոպսայով ու ռաբիսով` ինչը մատուցվում է առաջադիմության փոխարեն, լցված է տարատեսակ կապկումներով, կամ էլ ազգային գորշությամբ: Եթերը լցնել ամեն ինչով, միայն թե ոչ իրականությամբ եւ դրանում առկա լրջագույն հիմնախնդիրների մասին ազատ քննարկումներով կամ բանավեճերով: Կարծես թե հենց այդ սկզբունքն է դրված հեռուստաեթերի տոտալ վերահսկողության հիմքում:
Բնական է, որ այդ պայմաններում, շատ մտածող մարդիկ պետք է իրենց դժգոհությունը հայտնեն այս կամ այն հաղորդաշարի, սերիալի կամ որեւէ այլ հեռուստանախագծի կապակցությամբ: Բնական է նաեւ, որ այդ ամենից զերծ չէր մնալու նաեւ հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող նոր հաղորդաշարը` “Սուտ, թե ճիշտ” կամ հակառակը, կարեւոր չէ թերեւս: Այդ հաղորդաշարը շատերի դժգոհությունն է հարուցել: Շատերը նույնիսկ հրապարակավ արտահայտվել են այդ թեմայով: Այդ դժգոհությունների մեջ գերակշռում է այն, որ թեմաները, որոնք շոշափվում են հաղորդաշարի ընթացքում, “սազական” չեն հայերին եւ “անպարկեշտ” են: Իսկ շոշափվում են թեմաներ, որտեղ խոսք կա դավաճանության, անհավատարմության, եւ այդ կարգի սեռական փոխհարաբերությունների մասին:

Դժգոհության այդ առանցքը մեղմ ասած անհասկանալի է: Ինչու է հայ հասարակության համար այդ թեման համարվում տաբու: Ինչու չի կարելի հեռուստատեսությամբ խոսել այդ թեմաների մասին: Ինչու մեզ դա “սազական” չէ: Մենք գերպարկեշտ եւ արխիբարոյական ա՞զգ ենք, թե պարզապես մենք ամբողջությամբ գտնվում ենք քարանձավում, որտեղից ինչ ասես դուրս ենք բերում, բացի ինքներս մեզանից: Ինչու ինտիմ թեման, սեռական փոխհարաբերությունների թեման չի կարելի քննարկել հեռուստատեսությամբ: Չէ որ այդ փոխհարաբերությունները Հայաստանում արտաքինից դրված լինելով “բարոյական” կուռ հիմքերի վրա, ներքուստ անառողջ են այն աստիճան, որ բարդույթավորում են ոչ միայն դրանք կրող սերնդին, այլ նաեւ այդ սերնդի սերնդին:

Հայ երիտասարդներն ու պատանիները ականատես են լինում իրենց պապերի ու տատերի, հայրերի ու մայրերի արտաքինից հղկված ու փաթեթավորված, իսկ ներքուստ խորապես անառողջ, անբնական, բարդույթավորված փոխհարաբերություններին: Եվ պատանիներն ու երիտասարդները նաեւ իրենք են բարդույթավորվում, միջանձնային փոխհարաբերությունները, սեռերի փոխհարաբերությունները պատկերացնելով նախ եւ առաջ որպես հասարակությանը ցուցադրվող “արվեստի” գործ, ոչ թե սեփական կյանքի որեւէ տարբերակի անձնական ընտրություն: Հետեւանքը ստացվում է այն, որ հասարակություն կոչվածն ու դրա անհատ անդամների զգալի մեծամասնությունը փոխադարձաբար խեղում են իրար:

Իսկ այդ ամենի գլավոր պատճառն այն է, որ թեմաները մեր հասարակության համար բաժանվում են “սազականի” եւ “ոչ սազականի”, “հայի նկարագրին” համապատասխանողի եւ չհամապատասխանողի: Ի վերջո, հարց է առաջանում, թե իսկ ապրելը “սազակա՞ն” է արդյոք “հայի նկարագրին”: Չէ որ ապրել, նշանակում է ընդունել կյանքի բազմազանությունը: Ընդունել նշանակում է չխուսափել այդ բազմազանության հետ առնչվելուց, խնդիրները քննարկելուց, երեւույթների հանդեպ վերաբերմունք ձեւավորելուց, որովհետեւ երեւույթները անտեսելը եւ տաբու դնելը դա վերաբերմունք չէ, այլ վերաբերմունքի բացակայություն, կարծիք արտահայտելու վախի առկայություն:

Կարելի է քննադատել թե վերը նշված հաղորդման, թե այլ համանման հաղորդումների որակական կողմը, թե ինչպես են դրանք կազմակերպվում, մատուցվում, ինչպիսին է դրանց կատարողական մակարդակը: Այդ առումով, թե այդ հաղորդումը, թե հայկական հեռուստատեսության համանման կամ այլ հաղորդումների որակը մեղմ ասած խայտառակ է: Պետք է խոսել հենց այդ մասին, պետք է մատնանշել կազմակերպական, փաթեթավորման, կատարման եւ մատուցման անորակության մասին: Իսկ թեմաներից պետք չէ վախենալ, որովհետեւ, ինչպես ամերիկյան մի հին ու ոչ այդքան հայտնի ֆիլմում էր ասվում` կյանքում այնպիսի բաներ են կատարվում, որ ոչ մի կինոյում չես հնարի. կյանքում այնպիսի թեմաներ են առաջանում, որ ոչ մի հեռուստատեսություն չի պատկերացնի: Այնպես որ, պետք է ապրել ու պատրաստ լինել այդ թեմաներին, քանի որ որեւէ մեկը երաշխավորված չէ իր համար ամենաանցանկալի թեմաների հետ առօրյա առնչությունից: Անհատական կամ հանրային զմռսման փորձերը հանգեցնում են ընդամենը նրան, որ կենսական խնդիրները մնում են եւ անում իրենց քայքայիչ “գործը”, որի արդյունքն այն քայքայված համակարգերն են, որ գոյություն ունեն մեր կյանքի բոլոր ոլորտներում` կենցաղից մինչեւ քաղաքականություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: