Saturday, February 26, 2011

Հրդեհը արդեն բռնկվել է. Տիգրան Խզմալյան

Tert.am. 25-2-2011- Մեր կյանքի բոլոր ոլորտներում ծանր ճգնաժամ է, ինչը նշանակում է, որ հասարակական, հանրային ընդվզումն արդեն առկա է։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
«Ցանկացած ոք ամեն օր քաղաքում կարող է տեսնել որևէ մակարդակի հանրային ընդվզում, որևէ հարցի նկատմամբ դժգոհության արտահայտում։ Եվ այս ամենը մատնանշում է, որ հրդեհն արդեն բռնկվել է, մնացել է, որ առանձին օջախները միանան իրար և մաքրեն երկիրն այս օկուպացիոն ռեժիմից, որը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը»,– ասաց Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական բունտ կոչվածը հենց հանրային ընդվզումն է, որը «ոչ միայն հացի խնդիր է կամ դժգոհություն շաքարավազի թանկացումից, այլ կյանքի բոլոր ոլորտներում առկա ճգնաժամի դրսևորում»։
«Մեզ շրջափակել են մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Գործազրկության այս մակարդակը, քաղաքացիական ազատությունների ստորացնող բացակայությունը, վեցօրյա աշխատելու այս օրենքը, հեռուստատեսությունների խայտառակ զոմբիացումը, այս ամենը նշանակում է, որ մենք պարտություն ունենք մեր կյանքի բոլոր ոլորտներում»,– ասաց Խզմալյանը։
Խոսելով արաբական հեղափոխությունների և Հայաստանի վրա դրան հնարավոր ազդեցության մասին՝ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը նշեց, թե դրանք զուտ արաբական հեղափոխություններ անվանելը սխալ է: «Ցանկացած ապստամբության ազգությունը կարող է փոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները ժողովրդական ապստամբություններ են, որոնց թիրախը կոռումպացված, հակաժողովրդական բռնակալներն են, որոնք իշխանության են եկել 20–րդ դարի վերջին ու ցանկանում են ամեն գնով պահպանել իշխանությունը։ «Նոր սերունդը չի ցանկանում անցնել այդ իշխանության թրի տակով, չի ցանկանում իր ապագան վաճառել 30 արծաթով։ Սա է նման հեղափոխությունների պատճառը»,– ընդգծեց նա։
Խզմալյանի համոզմամբ՝ արտաքին սպառնալիքների մտավախության պատճառով է, որ Հայաստանում նման ապստամբություններ չեն սկսվել և «պահպանվում է այս փխրուն իրավիճակը»։ Խոսքը, ըստ նրա, մասնավորապես ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի մասին է։ «Բայց դա ցնորք է՝ իշխանությունը պահպանելու համար»,– ընդգծեց նա։
Կինոռեժիսորի կարծիքով՝ մարտմեկյան իրադարձությունների հիշատակին կազմակերպվող միջոցառումները լավ առիթ են՝ լրացնելու «ժողովրդի պակասող համախմբումը»։ «Մարտի 1-ը համախմբման հզոր գրավական է»,– ասաց Տիգրան Խզմալյանը։

No comments: