Saturday, February 5, 2011

Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել

Diplomat.am. 5-2-2011- Արդեն անցել է մոտ երեք տարի, ինչ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողել է Սերժ Սարգսյանին, և այդ երեք տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ հստակ և կոնկրետ չի հայտարարել, որ հրաժարվում է քաղաքական վերադարձի մտադրությունից և միարժեք աջակցում է Սերժ Սարգսյանին`անկախ նրա քաղաքականությամբ պայմանավորված առանձին անհամաձայնություններից:
Ավելին`Ռոբերտ Քոչարյանն արել է հակառակը. թե’ արտաքին քաղաքական, թե’ ներքին տնտեսական ու քաղաքական հարցերի վերաբերոյալ նա արտահայտել է Սերժ Սարգսյանի գործելակերպին առձնչվող լուրջ ակնարկներ պարունակող տարաձայնություններ:
Արժե հիշատակել «ֆուտբոլային դիվանագիտության» մասին նրա տեսակետը, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա Գյուլը Հայաստան չէր գա: Հիշատակման է արժանի նաև ներքին քաղակականության մասին նրա տեսակետը,որ եթե ինքը նախագահ լիներ, Լևոն Տեր-Պետրոսյանին կենթարկեր դատական պատասխանատվության:
Հիշարժան է նաև տնտեսական քաղաքականության մասին նրա վերջին կարծիքը, ըստ որի`նա դժգոհություն էր հայտնում ներկայիս տնտեսական վիճակի վերաբերյալ` համեմատելով իր կառավարման տարիների և ներկայիս ցուցանիշներն ու դինամիկան:
Այսինքն`կենսագործունեության բոլոր հնարավոր ոլորտներում Ռոբերտ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ իր անհամաձայնության մասին,սակայն որևէ անգամ չի հայտարարել կամ ակնարկել, որ հրաժարվում է քաղաքականություն վերադառնալուց, քանի դեռ նախագահը Սերժ Սարգսյանն է:
Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը աներկբա պահում է Հայաստանի իշխանության երկգլխանիության մասին մտայնությունը, կամ գոնե պատրանքը: Այլ հարց է, դա իսկապես պատրանք է, թե նա իրականում ունի լուրջ ազդեցություն Հայաստանի իշխանական համակարգում և դա իքս պահին իր վերադարձին ծառայեցնելու մտադրություն: Եվ հարց է նաև, թե ինչու չի փորձում հեռանալ ու վայելել իր ունեցվացքը, ինչն է նրա մտահոգությունը, մտավախությունը:
Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանին և նրան դրել է փշերի վրա: Սերժ Սարգսյանն էլ, շատ ջանք գործադրելով, տեղ-տեղ` նաև հաջողությամբ, այդուհանդերձ, առայսօր չի կարողանում լուծել խնդրի ռազմավարական կողմը և մեկընդմիշտ զրկել Քոչարյանին շահարկումների հնարավորությունից: Եթե Քոչարյանն ինքը չի անում Սերժ Սարգսյանի նախագահության պարագայում չվերադառնալու մասին հայտարարություն, ապա գոնե Սերժ Սարգսյանն ինքը պետք է հստակ հայտարարությամբ համակարգին և հասարակությանը ցույց տա,որ Քոչարյանն այլևս գործոն չէ, որ Քոչարյանը վերադարձի հնարավորություն չունի:

No comments: